կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 02:57
Առանց Կատեգորիա

Սոցցանցերի հայաստանաբնակները

Սոցցանցերի հայաստանաբնակները

Մոտ 450 հազար հայաստանցի գրանցված է Odnoklassniki սոցիալական ցանցում, մոտ 95 հազար հոգի` Facebook-ում: Սակայն փաստ է, որ Facebook-ում հայերն ավելի ակտիվ են, քան  Odnoklassniki-ում:

 

«Odnoklassniki-ում սիրում են լինել` լինելու նպատակով: Իսկ Facebook-ում լինում են աշխատելու, հաղորդակցվելու նպատակով: Այսինքն` ռեալ ակտիվ զանգվածն ավելի շուտ Facebook-ում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը:

 

Սակայն ամբողջ աշխարհում Facebook օգտագործողների ակտիվությամբ հայաստանցիները շատերին եւ հենց հարեւան երկրներին են զիջում. վրացիները 86-րդ տեղում են, ադրբեջանցիները` 96-րդ, թուրքերը` 4-րդ, իսկ հայաստանցիները` 124-րդ:  Սակայն վերջին վեց ամիսների ընթացքում Facebook-ում հայաստանաբնակների թիվն աճել է 5000-ով:

 

Ա. Աթանեսյանը նշեց, որ ինտերնետային սոցիալական ցանցերում ավելի ակտիվը երիտասարդներն են, եւ եթե ցանկանում ես ինչ-որ զանգվածային միջոցառմանը ներգրավել ավագ սերնդին, ապա ինտերնետը հազիվ թե օգնի, պետք է դիմել ծանոթ-բարեկամ կապերին ու հեռախոսին:  Օրինակ` Facebook-ում գրանցված հայաստանաբնակների 40 տոկոսը 18-24 տարեկաններն են, 30 տոկոսը` 25-34 տարեկանները:

 

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ Odnoklassniki-ում հայաստանաբնակներն ավելի շատ են, Ա. Աթանեսյանը պատասխանեց. «Ցավոք, դա բացատրվում է մեր հայ երիտասարդների մի մասի պրիմիտիվությամբ, պարզունակությամբ: Հայտնի է, որ Facebook-ն  ավելի մասնագիտացված է, ավելի լուրջ է եւ սահմանափակ` բարոյականության առումով, այսինքն` գիտակցվում է, թե ինչ կարելի է ասել, ինչ` ոչ»:

 

Ըստ նրա` Odnoklassniki-ն շատ հարմար միջավայր է թեթեւսոլիկ, պարապ եւ պարզունակ մտածողություն ունեցող մարդկանց համար: «Facebook-ում դու պիտի ունենաս սոցիալական որոշակի կարգավիճակ եւ լինես զբաղված մարդ: Հակառակ դեպքում` դու այնտեղ հետաքրքիր չես ոչ ոքի»,- ասաց Ա. Աթանեսյանը: