կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 13:26
Առանց Կատեգորիա

Ռիսկային խաղադրույք` Գալուստ Սահակյանի վրա

Ռիսկային խաղադրույք` Գալուստ Սահակյանի վրա

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելով ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը` նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց ամենականխատեսելի ու թերևս ամենատրամաբանական ընտրությունը:

 

Խորհրդարանական քաղաքական մեծամասնության վրա ունեցած իր ազդեցությամբ ու հեղինակությամբ Հովիկ Աբրահամյանից հետո հաջորդը Գալուստ Սահակյանն է, և զուտ հիերարխիկ սկզբունքից ելնելով` հենց նա էլ պետք է փոխարիներ Աբրահամյանին: Որքանով է Գալուստ Սահակյանը` ժամանակի ընթացքում ձեռք բերած իր քաղաքական կապիտալով, հանրության համար ընկալելիության մակարդակով և իր անձի շուրջ ձևավորած կերպարով, համահունչ պետական իշխանության սահմանադրական երկրորդ դեմքի կարգավիճակին, այս ընտրության հարցում որևէ դեր չի կատարել, ինչպես չէր կատարում նախկին նախագահների թեկնածությունների առաջադրման և այդ պաշտոնում նրանց ընտրության պարագայում: Դրա հիմնական պատճառն այն է, որ խորհրդարանը, անկախ իր դե յուրե կարգավիճակից, թե' քաղաքական կոնյունկտուրայի և թե' իշխանավարման տեսանկյունից, երբեք չի ընկալվել և չի համարվել պետական իշխանության ինքնուրույն թև կամ քաղաքական մարմին:

 

ԱԺ-ն մշտապես դիտարկվել է իբրև նույն իշխանական կոնյունկտուրային, նախագահին և կառավարությանը սպասարկող քաղաքական պլատֆորմ: Հետևաբար, այս մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է բացառապես այն տրիվիալ նկատառումով, թե առաջադրվող այս կամ այն անձը որքանով հաջող կարող է պահել խորհրդարանը այդ սահմանափակ դերակատարման շրջանակում և կատարել իր վրա դրվող` «յուրահատուկ քարտուղարի» պարտականությունները: Այս իմաստով հանրապետության նախագահը, ավանդույթի համաձայն, ոչ այնքան խորհրդարանի, որքան խորհրդարանական մեծամասնության նախագահի թեկնածություն է առաջադրել:

 

Սահակյանի թեկնածության առաջադրումը, որն այսօր ԱԺ-ում կհաստատվի, նախագահ Սերժ Սարգսյանի համար նախընտրելի է եղել նաև այլ նկատառումներով: Նախ` այս «նշանակումը» տեղի է ունենում նոր կառավարությունը 2008-ից առաջ գործադիրի անդամներ հանդիսացած անձանցով համալրելու պրոցեսի ֆոնին, որը, փաստորեն, տեղի է ունենում իշխանության մեջ ՀՀԿ-ի զբաղեցրած տարածքի հաշվին: Որքանով մեծանում է ռոբերտքոչարյանական կադրային դեսանտի ներկայացվածությունը կառավարությունում, այնքանով նվազում է, առանձին վերցրած, Հանրապետական կուսակցության քաղաքական կշիռը իշխանությունում, ինչը չի կարող գործող նախագահի որդեգրած այս նոր կուրսի նկատմամբ ներքին անբավարարության չհանգեցնել:

 

ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկին` Գալուստ Սահակյանին, դարձնելով ԱԺ նախագահ` Սերժ Սարգսյանը փորձում է ինչ-որ չափով կանխել կուսակցությունում հնարավոր դժգոհության մեծացումը և կատարում է ուժերի վերաբաշխում` խորհրդարանը թողնելով ՀՀԿ-ի, կառավարությունը` իր ազդեցության գոտում: Այդպիսով` նա կուսակցությունից քարտ բլանշ է ստանում գործադիրի պորտֆելներն ազատ տնօրինելը ապագա իշխանության կառուցվածքը ուրվագծելու միջոց դարձնելու համար: Երկրորդ` Սահակյանը ՀՀԿ-ի այն եզակի անդամներից է, ով, լինելով հնաբնակ, մի կողմից ներսում ընկալվում է որպես կուսակցության գաղափարական թևի ներկայացուցիչ, մյուս կողմից` կրում է նաև, այսպես կոչված, «նեոհանրապետականների» արժեքային կոդերը: Նա յուրօրինակ կամուրջ է ՀՀԿ հին և նոր գվարդիաների միջև` ինչ-որ իմաստով ստանձնելով այս երկու թևերի միջև հավասարակշռման կենտրոնի դերը: Դա բարձրացնում է նրա արժեքը միաժամանակ թե' հնաբնակների և թե' ՀՀԿ-ի գաղափարախոսության հետ որևէ աղերս չունեցող, մեծ մասամբ պատեհապաշտներից ու կարիերիստներից կազմված նորաբնակների համար: Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է օգտագործել կուսակցությունում Սահակյանի այս բացառիկ կարգավիճակը` արդեն նոր մակարդակով ներկուսակցական տարբեր խմբավորումների միջև հավասարակշռությունը և հարաբերական կայունությունը պահպանելու համար:

 

ՕԵԿ-ի` իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո այս խնդիրը Սերժ Սարգսյանի և, առհասարակ, իշխանության համար ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն: Կորցնելով ՕԵԿ-ին` իբրև դաշնակից, ՀՀԿ-ն ԱԺ-ում հայտնվել է որակական մեծամասնություն ունենալու սահմանային գծի վրա: Բավական է, որ ՀՀԿ մի քանի, բառացիորեն 6-7 պատգամավոր բացակայեն նիստերից, և քաղաքական մեծամասնությունը ընդդիմության և իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ի դեմարշների պարագայում ոչ միայն կարող է քվորում ապահովելու, այլև պարզ մեծամասնությամբ ընդունվելիք օրենքներն ու որոշումներն անցկացնելու լրջագույն խնդիր ունենալ: Առ այսօր, անգամ ՕԵԿ-ի օժանդակության պարագայում, ՀՀԿ խմբակցության այլևս նախկին ղեկավար Գալուստ Սահակյանին դա հաջողվում էր մեծ դժվարությամբ` ՀՀԿ-ական պատգամավորերին, բառի գրեթե բացարձակ իմաստով, ԱԺ բերման ենթարկելու միջոցով: Հիմա այդ դժվարությունը կրկնապատկվում է` վերածվելով իսկական գլխացավանքի, որից ելքը կա'մ ոչ իշխանական ուժերի հետ անընդհատ կոնսենսուսի գնալն է, կա'մ ՀՀԿ-ականների «կապերը ձգած» պահելը կատարելության հասցնելը:

 

Վերջինը այս պահին խորհրդարանում ունակ է անել միայն մեկ մարդ` Գալուստ Սահակյանը, և բարձրացնելով նրա կարգավիճակը` նախագահ Սերժ Սարգսյանը Սահակյանին տալիս է այդ խնդիրը լուծելու քաղաքական ու վարչական լրացուցիչ լծակներ` միաժամանակ մեծացնելով նրա պատասխանատվությունն այս հարցում: Սահակյանի «նշանակումը» ԱԺ-ի կառավարելիության մակարդակն առնվազն Հովիկ Աբրահամյանի սահմանած մակարդակին պահելու նպատակ է հետապնդում:

 

Սակայն Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյան չէ: Իր աշխատաոճով, ձեռագրով նա զգալիորեն տարբերվում է ԱԺ նախորդ նախագահից, իր մեթոդներում շատ ավելի կոշտ է, անզիջում և անխնա: Չի բացառվում, որ նրա պաշտոնավարումը, ներխորհրդարանական կայունության ապահովման առումով, լրիվ հակառակ էֆեկտն ունենա: Սահակյանի սուր, երբեմն կոռեկտության սահմաններն անցնող սարկազմը, ոչ իշխանական ուժերի նկատմամբ անհանդուրժողականության հասնող արհամարհանքը կարող են ավելի սրել լարվածությունը խորհրդարանում` քաղաքական բևեռացվածությունը հասցնելով կրիտիկական կետի: Եթե նա իր այս վերաբերմունքը չփոխի և փորձի ԱԺ նախագահի պաշտոնում ևս իրեն պահել իբրև ՀՀԿ խմբակցության ղեկավար, խորհրդարանում ստեղծվելու է աղետալի մթնոլորտ, որտեղ երկխոսության կամ առողջ քննարկումային միջավայրի մասին խոսելը դառնալու է էկզոտիկ ճոխություն:

 

Գևորգ Աղաբաբյան