Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն շատ հակասական է պահում: Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ ամրագրվեցին Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման ժամկետները և հաստատվեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացների նախկին ձևաչափին հավատարիմ լինելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, նա թուրքական Haber Global թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տարօրինակ թեզերով հանդես եկավ. գրում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
«Խոսելով բանակցային գործընթացում Անկարայի ներգրավման հնարավորությունների մասին, Ալիևը բառացիորեն ասաց հետևյալը. «Ներկա փուլում դա նախատեսված չէր: Եվ Թուրքիայի դեմ նման խնդիր դրված չէր: Դա բանակցային գործընթաց չէ: Դա պարզապես հումանիտար հրադադար է: Այսինքն՝ դա բանակցությունների համար կազմակերպված միջոցառում չէր: Մինչ այսօր բանակցություններ էին տարվում Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն այդ բանակցություններն անարդյունավետ են»: Ապա հավելել է. «Ամեն դեպքում՝ դե յուրե կամ դե ֆակտո Թուրքիան պետք է անպայման մասնակցի այս խնդրի կարգավորմանը: Նա արդեն մասնակցում է, քանի որ գաղտնիք չէ, որ այսօր մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում Թուրքիայի հետ: Այս գործընթացների սկզբից`սեպտեմբերի 27-ից, մինչ օրս, մենք անընդհատ կապի մեջ ենք: Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները սերտ կապի մեջ են շատ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ: Հետևաբար, դա արդեն իրականություն է: Մենք պարզապես պետք է դե ֆակտո իրականությունը վերածենք դե յուրե իրականության»:
Առաջին հերթին՝ սա մոսկովյան համաձայնագրի կոպիտ կեղծիք է, որը կրում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ստորագրությունը: Բացի այդ՝ մոսկովյան համաձայնագրի որոշ դիրքորոշումներ նախկինում քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ալիևի հեռախոսազրույցում: Երկրորդ՝ դա ոչ միայն մարտահրավեր է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այլև միջազգային հանրությանը, որոնք սատարում են մոսկովյան համաձայնագրին և ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Ալիևի նման գործողություններում, գրում է ամերիկացի քաղաքական դիտորդ Էդվարդ Սթաֆորդը թուրքական տեղեկատվական և վերլուծական Ahval պորտալում, կարելի է տեսնել «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոճը»՝ իրավիճակը ապակայունացնելու համար խաղալ սայրի վրա՝ փոթորիկը ստեղծելու վտանգով»։ Միևնույն ժամանակ, Ալիևը չի կարող չհասկանալ, ըստ Սթաֆորդի, որ, «Էրդողանին հետևելով, իրեն սպառնում է միջազգային մեկուսացում»:
Սակայն թուրքական «Միլիյեթ» թերթը շեշտում է, որ գլխավոր ինտրիգն այն է, որ Էրդողանն ու Ալիևը համարձակորեն մարտահրավեր են նետում Պուտինին՝ ստիպելով կամ հրահրելով նրան արմատապես նոր և «թարմ դիրքորոշում առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այնպես, որ «Անդրկովկասում բաժանեն «տերերի գործառույթները» Թուրքիայի հետ, ինչը կհանգեցնի իրավիճակի իրական փոփոխությունների»: Այսինքն՝ «Մերձավոր Արևելքի ցնցումները փոխանցել այս տարածաշրջանին և դրանք համատեղել Անդրկովկասի իրադարձությունների հետ»:
Այս պարագայում Ղարաբաղյան ներկայիս պատերազմը պարզապես մի մեծ խաղի դրվագ է՝ կապված Մեծ Մերձավոր Արևելքի հսկայական աշխարհաքաղաքական տարածքում ուժերի հավասարակշռությունը փոխելու մտադրությունների հետ: Նման նկատառումներից ելնելով՝ զարմանալի չէ, որ հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Այստեղ վտանգն այն է, որ ամբողջ Կովկասի տարածաշրջանը կարող է բռնկվել, ինչպես, օրինակ, եղավ Բալկաններում, ինչի արդյունքում կսկսվի գոյություն ունեցող պետությունների մասնատման գործընթաց ու նորերի առաջացում, և դռներ կբացվեն ռազմական միջամտության համար ոչ միայն տարածաշրջանային տերությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, այլ նաև (տարբեր աստիճանի) մեծ տերությունները, երբ առկա ռազմաքաղաքական դաշինքները սկսում են վերափոխվել:
Իրավիճակը սրվում է այն փաստով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը, կարծես, բառերով աջակցում է մոսկովյան համաձայնագրին, վախենում է, որ Ալիևը կկանգնի Պուտինի կողքին և կդադարի կատարել իր ծրագրած «տնային աշխատանքը»: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վարկաբեկելն է և իրավիճակը զրոյացնելը կամ մոսկովյան համաձայնագրի արդյունավետությունը միայն հրադադարի մակարդակի իջեցնելը, որպեսզի սկսվի բանակցային գործընթացում Անկարային նոր ձևաչափով ներգրավելու գործընթաց: Չգիտես՝ ինչու, Ալիևը չի ամաչում այն փաստից, որ Թուրքիայի ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղավորվում է հայ-թուրքական բարդ ու դրամատիկ հարաբերությունների համատեքստում: Եվ այն փաստը, որ Ադրբեջանում Անկարայի աճող ազդեցությունը զրոյացնում է Բաքվի՝ Եվրոպային ինտեգրվելու հնարավորությունը: Մի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ռիսկային խաղ են խաղում՝ ուղղված լայն աշխարհաքաղաքական վերափոխումներին, որոնք ուղղակիորեն ազդում են Մոսկվայի շահերի վրա: Նրա համար գալիս է նաև նոր որոշումների պահը»: