Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2012-ին 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը, որն արտահայտվեց բացառապես Վիճակագրական ծառայության գրոտած թղթերի վրա, դարձավ Տիգրան Սարգսյանի կառավարության վերանշանակման հիմնական պատճառաբանությունը: Եվ հիմա, երբ ոչինչ վերադարձնել այլևս հնարավոր չէ, իշխանությունը` ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խոստովանում է, որ եթե անգամ նման աճ արձանագրվել է, սովորական քաղաքացին դրանից ոչինչ չի ստացել: «Ես խոստովանում եմ, որ սովորական քաղաքացիները 2012-ի տնտեսական աճից չեն սկսել ավելի լավ ապրել»,- ասել է նա` «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում:
Կազմավորելով ձևով նոր, բայց բովանդակությամբ հին կառավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս առջև հիմա էլ «նոր»խնդիրներ է դնում: Վարելով այս կառավարության առաջին նիստը և դիմելով նորանշանակ նախարարներին` նա ասում է հետևյալը. «Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ տարբեր գործիքների օգտագործմամբ նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»:
Իրականում Սերժ Սարգսյանը կառավարությունից ոչ մի նոր, հեղափոխական բան չի պահանջում, տրված հանձնարարականներն իրենց մեջ ոչ մի կոնկրետություն չեն պարունակում: Նախ` աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին պահանջը գործնականում կարելի է կատարված համարել, որովհետեւ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել էին շատ ավելի վաղ: Դեռ մարտին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էր Սերժ Սարգսյանը խոսում այդ մասին` նույնիսկ նշելով, որ աշխատավարձերի ու հնարավոր է` կենսաթոշակների բարձրացումը լինելու է շոշափելի: Այսինքն` այս իմաստով կառավարությունն ընդամենը շարունակելու է որդեգրած գիծը: Նույնը վերաբերում է նաև պետական կառավարման ուռճացված համակարգի օպտիմալացմանը:
Դեռ անցած տարի Տիգրան Սարգսյանը հայտարարեց պետական կառավարման համակարգում, այսպես կոչված, «գիլիոտինի» գործընթաց սկսելու նախաձեռնության մասին, որի իմաստը ստուգումների, տեսչավորումների, ծառայությունների մատուցման ոլորտում բյուրոկրատական քաշքշուկների կրճատումն է, դրանց ուղղված օրենսդրական դաշտի օպտիմալացումը, համարժեք կադրային քաղաքականության իրականացումը: Սեպտեմբերի 1-ին նույնիսկ ստեղծվեց Տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդը օրենսդրության մոնիթորինգի և այս գործընթացի տրամաբանությունից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը մշակելու նպատակով: ԱԺ այս նստաշրջանում արդեն իսկ քննարկվել են մեկ-երկու նման օրինագծեր: Ընդ որում` կառավարությունն այս պրոցեսն իրականացնում է Ավստրիայի զարգացման գործակալությունից տրամադրված մոտ 500 հազար եվրո դրամաշնորհի շրջանակներում: Այսինքն նաև այս մասով փաստացի Սերժ Սարգսյանը կառավարությանը ոչ թե նոր հանձնարարություն է իջեցնում, այլ ընդամենը ակնարկում է սկսած պրոցեսը շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու մասին:
Խոսելով կառավարությունից ակնկալվող որակական արդյունքների մասին` Սերժ Սարգսյանը ոչ մի կոնկրետ չափորոշիչ, սակայն, չի սահմանում: Այսինքն` երբ գա «ճտերը հաշվելու» ժամանակը, հնարավոր չի լինելու կոնկրետացնել, թե կառավարությունը որքանով կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը: Սա Տիգրան Սարգսյանի համար շատ ավելի հեշտ հաղթահարելի է, քան նույնիսկ 2012-ին 7 տոկոսանոց տնտեսական աճի գրանցումը: Որովհետև անկախ նրանից` ինչ չափով կբարձրացվի միջին աշխատավարձը, ինչ չափով կկրճատվեն ստուգող, վերահսկող մարմինների գործառույթները, միշտ էլ հնարավոր է լինելու պնդել, թե գործադիրն իրենից պահանջվածն արել է: Այսինքն` նախագահը կրկին կարող է հենվել ցուցադրվելիք, թղթե արդյունքների վրա ու պնդել, որ կառավարությունն աշխատել է արդյունավետ, հետևաբար` իրեն չի կարող բարոյական իրավունք վերապահել նեղացնել նման կառավարությանը, առավել ևս կադրային փոփոխություններ կատարել այնտեղ:
Թերևս պատահական չէր, որ նախագահն այս անգամ չխոսեց աշխատավարձերը գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով ավելացնելու մասին, առավել ևս շարունակում է ընդհանրապես չխոսել նվազագույն աշխատվարձը իրական նվազագույն սպառողական զամբյուղին գոնե համարժեք դարձնելու մասին: Մինչդեռ փոփոխությունների, տարատեսակ տնտեսական ու սոցիալական ծրագրերի արդյունավետության իրական ցուցիչը հենց այս հարաբերակցության մեջ է, դրանով է չափվելու` որքանով է բարձրացել մարդկանց կենսամակարդակը, որքանով է կրճատվել աղքատությունը: Անտեսել այս հանգամանքը` նշանակում է ընդամենը ջուր ծեծել, հասարակության մոտ ավելորդ անիմաստ սպասումներ առաջացնել և, ի վերջո, կառավարության անգործությունն արդարացնելու բավարար հիմքեր ստեղծել հետագայի համար:
Առաջիկա 20 օրերին կառավարությունը, ըստ Սահմանադրության, պետք է նոր ծրագիր ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Թերևս հենց դրանից էլ պարզ կլինի` առավելագույն ու նվազագույն ինչ նպատակներ է սահմանում գործադիրը ոչ միայն սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակը բարելավելու, այլ նաև արտագաղթը կանխելու առումով: Սակայն դրանից ոչինչ չի փոխվելու: Պատճառը ոչ թե տապալված քաղաքականության շարունակականության որդեգրում է, այլ ինքնին տապալված կառավարության վրա կրկին խաղադրույք կատարելը: Այն մոտեցումը, որը որդեգրել է Սերժ Սարգսյանը կադրային քաղաքականության ոլորտում, չի ենթարկվում որևէ տրամաբանության. հնարավոր չէ արդյունավետ կառավարում, փոփոխություններ ակնկալել մի կառավարությունից, որն ունեցել է այդ շանսը և հաջողությամբ այն տապալել: Սա նույնն է, թե ներդրումներ կատարես մի բիզնես ծրագրում, որն իրականացնողների ռեզյումեն նախկին նմանատիպ բոլոր ծրագրերի ձախողում է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ