կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 11:45
Հասարակություն

Կրթության ոլորտում հայտնաբերվել են ծրագրերի ֆինանսավորման հետ կապված ընդհանուր խնդիրներ

Կրթության ոլորտում հայտնաբերվել են ծրագրերի ֆինանսավորման հետ կապված ընդհանուր խնդիրներ

2013 թվականի ընթացքում Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների և ապրանքների գնումների նկատմամբ:

 

ՎՊ-ն ԿԳ ոլորտում հայտնաբերել են ծրագրերի ֆինանսավորման հետ կապված ընդհանուր խնդիրներ: Օրինակ' «Հատուկ կրթություն» ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է 1 միլիարդ 433 միլիոն 849 հազար դրամ: Միջոցները հատկացվել են 12 ՊՈԱԿ-ի: Արձանագրվել է, որ նախարարության 4 ՊՈԱԿ-ներում  «սան/օրերը» սահմանվածից ավելի հաշվարկելու հետևանքով սննդի ձեռք բերման նպատակով նախատեսվել է 23 միլիոն 15 հազար դրամ ավելի գումար:  

 

Սա դասական օրինակ է, երբ նման հաստատություններում սովորող սաների թիվն ու նրանց պահելու օրերն արհեստականորեն հավելագրվում են, բնականաբար, նրանց վրա փող չի ծախսվում, ու նախատեսված գումարը, հիմնականում, մնում է հաստատության ղեկավարին կամ ղեկավարներին: Ամեն դեպքում' արձանագրված գումարը ենթակա է վերադարձման պետբյուջե:

 

«Մասնագիտացված հանրակրթական ուսուցում»  ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է 1 միլիարդ 572 միլիոն 248 հազար դրամ, միջոցները հատկացվել են 5 ՊՈԱԿ-ի և մեկ պետական մասնակցությամբ ՓԲԸ-ի, բայց արձանագրվել է, որ ծրագրով նախատեսված միջոցներից 194 միլիոն 922 հազար դրամը  վերահսկողության ընթացքում ֆինանսավորումից պակասեցվել է:

 

«Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի սովորողների համակազմ չունենալու հետևանքով նախահաշվից պակասեցված է 144 միլիոն 612 հազար դրամը, «Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին սննդամթերքի ձեռք բերման` սահմանվածից ավելի հաշվարկված 5 միլիոն 430 հազար դրամը: Պակասեցվել է նաև ծրագրի գծով առաջացած 44 միլիոն 880 հազար դրամ ազատ մնացորդը' նախատեսվածի և կնքված պայմանագրերի տարբերությունը:

 

Արձանագրված և ֆինանսավորումից պակասեցված 194 միլիոն 922 հազար դրամը ենթակա է վերադարձման պետական բյուջե:

 

Կատարված հաշվարկների արդյունքների և կնքված պայմանագրերի համադրմամբ արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ին հիմնականում դաստիարակների, ուսումնաօժանդակ անձնակազմի հաստիքային միավորների սահմանվածից ավելի նախատեսման հետևանքով հատկացվել է 355 միլիոն 612.8 հազար դրամ ավելի գումար, այդ թվում' «Երևանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիր» ՓԲԸ-ին' 147 միլիոն 41.9 հազար դրամ, «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ին' 81 միլիոն 674.3 հազար դրամ, «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին' 14 միլիոն 146.9 հազար դրամ,  «Արմավիրի Տ.Մեծի անվան ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին' 35 միլիոն 352.9  հազար դրամ, «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին' 77 միլիոն 396.8 հազար դրամ:

 

Սա այն դեպքն է, երբ աշխատողների ցուցակներում գրվում են անուններ, սակայն տվյալ մարդիկ չեն աշխատում տվյալ հիմնարկում, բայց նրանց անվան դիմաց գումարներ են դուրս գրվում:

 

ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել մեկ այլ խնդիր ևս' «մասնագիտացված հանրակրթական դպրոց» հասկացությունը հստակ սահմանված է օրենքով, որը ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ է: Սակայն վերահսկողության ընթացքում արձանագրվել է, որ մասնագիտացված  հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունն ու հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակված և հաստատված չեն եղել:

 

Բացի այդ' արձանագրվել են չմատուցված ծառայության դիմաց վճարումների դեպքեր: Օրինակ' «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի և նախարարության միջև կնքվել է 385 միլիոն 825.8 հազար դրամի պայմանագիր:  Ստուգմամբ, սակայն,  պարզվել է, որ, նախարարության կողմից բյուջեի հիմքում դրված հաշվարկային ցուցանիշներին համապատասխան, 271 սովորողի համար 365 օրվա հաշվով սննդամթերքի ձեռք բերման համար հաշվարկվել և վճարվել է 145 միլիոն 504 հազար դրամ: Սակայն ծառայությունը փաստացի մատուցվել է 264 օր: Չմատուցված ծառայության արժեքը սննդամթերքի մասով կազմում է 4 միլիոն 262.7 հազար դրամ: Սրանից բացի, խախտելով գործող օրենսդրության պահանջներն' առանց գնման ընթացակարգերի և պայմանագրերի, կրթահամալիրը նախընտրելի անձանցից ձեռք է բերել 45 միլիոն 608 հազար դրամի սննդամթերք: Ի դեպ, նույն անձինք կրթահամալիրին սննդամթերք են մատակարարել նաև 2012թ.-ին: Ավելին`, այդ անձանցից մեկին կրթահամալիրը փոխանցել է 1 միլիոն 264.7 հազար դրամ գումար, որի դիմաց որևէ մատակարարում չի իրականացվել: