Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014-ը նոր կրթական ծրագրերի ներդրման, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը, թվարկելով 2014-ին հաջողված 5 ծրագրերը, նախ նշեց, որ այս տարի իրենց հաջողվել է կտրուկ շրջադարձեր կատարել բարձրագույն կրթության ոլորտում ՝ կրթության մատչելիության հետ կապված: Որպես օրինակ` նախարարը նշեց ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթի մշակումը, ըստ որի` բոլոր բուհերն իրենց վճարովի ծառայությունների 7 տոկոսը պետք է ուղղեն ուսանողական զեղչերին. այս տարի 2000 երիտասարդ օգտվել է պետության կողմից երաշխավորված նոր սոցիալական ծրագրից:
«Հաջորդը կուզեի նշել նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրը, որի շնորհիվ 10 ուսումնական հաստատություն ստացավ 3,7 մլն աջակցություն` ծրագիրն իրականացնելու համար: Մեզ համար կարևոր էր նաև կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը, ինչպես նաև «Հանրակրթության մասին օրենքի» նոր խմբագրության ընդունումը, որի հեղափոխական է երեխայի` մաքսիմալ ներառական և մատչելի ուսում ստանալու տեսանկյունից»,- ասաց նախարարը` հավելելով, որ ընթացիկ տարում 12-ով ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը:
Նախարարը, խոսելով ԿԳ ոլորտում արձանագրված այլ հաջողությունների մասին, ոլորտի նվաճումների «գոհարը» համարեց աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքը` մեր աշակերտական խմբերն այս տարի 19 օլիմպիական մեդալ են շահել:
Աշոտյանն անդրադարձավ նաև հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի պիլոտային ծրագրին` նշելով, որ այն փորձարկվում է 12 դպրոցում, սակայն տեսանելի ապագայում պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար:
Նախարարը կարևորեց նաև «Շախմատ» առարկայի եռամյա ծրագրի ներդրումը հանրակրթական դպրոցներում: Ըստ նրա՝ այսուհետ դպրոցներում կգործեն շախմատի արտադասարանային խմբակներ:
ԿԳ նախարարը խոսեց նաև կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին` նշելով, որ, ճիշտ է, կոռուպցիան համակարգում վերացված չէ, սակայն այն զգալիորեն նահանջել է, և կոռումպացված ոլորտների առաջին եռյակում չէ.«Սա սիմվոլիկ հաջողություն է, որը, սակայն, մեզ չի գոհացնում, պետք է աշխատել այս ուղղությամբ»:
Նախարարն անդրադարձավ նաև 2015-ին Հայաստանում կայանալիք Բոլոնյան նախարարական համաժողովին` հավաստիացնելով, որ ԿԳ նախարարության լրացուցիչ ջանքերի շնորհիվ այսօր միջազգային ասպարեզում Հայաստանի տեղը տեսանելի և երևելի է:
Ի դեպ, Աշոտյանը նշեց, որ 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված իրականացվող միջոցառումներից նախարարությունը ևս անմասն չի մնա` Ցեղասպանությանը նվիրված դասընթացներ կլինեն մի շարք եվրոպական երկրների հանրակրթական ծրագրերում:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասագրքերի թեմային` Աշոտյանն ասաց, թե դպրոցական դասագրքերի որակը բարձրացել է.«Սրան զուգահեռ` դասագրքերի բարդության աստիճանը դեռևս շարունակում է խնդիր մնալ, քանի որ դրանք որոշակիորեն մատչելի չեն տվյալ տարիքի երեխաների համար»: