կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-05 13:02
Առանց Կատեգորիա

Սպասում ենք կամ պատճառ փնտրում` սպասելու

Սպասում ենք կամ պատճառ փնտրում` սպասելու

Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:

Բարև: Անկապ, էլի: Դու ասա:

***

Անկապ' ամենաակտուալ հոգեվիճակը: Մեզ նման ոչ ոք սպասել չգիտի. անկապ, որովհետև սպասում ենք, սպասում' մինչև մեկը կգա ու կլցնի էդ անկապը: Բայց որոշ ժամանակ հետո էդ մեկի բերած կապն էլ է անկապ դառնում ու նորից' «ո՞նց ես», «անկապ»:

 

Սպասում ենք' մեկը գա ու լցնի էդ անկապությունը, բայց էդ մեկն առաջին հերթին իր անկապն է ցրելու, նոր միայն' քո մասին մտածելու:

 

Սպասում ենք' «հես ա, բան չմնաց, գործերս լավ են լինելու, ու որ էդ ստացվի' մնացածը տեղը կընկնի»: Ու մինչ գործերը սկսում են լավանալ, կողքից ընկեր կամ սիրելի են կորցնում: Ինչո՞ւ, որովհետև ողջ ուշադրության կենտրոնում գործերն են' թեկուզ և լինելիք, ապրում' հանուն էդ գործերի լավացման, ներկան' սպանում, ապրում չեղած ապագայով, ոչ թե' հանուն ապագայի, իսկ դիմացինի մոտ կամաց-կամաց էն անկապն է սկսում ձևավորվել:

 

Սպասում ենք, սպասում ենք փոփոխության ու ամեն փոփոխության հետ մտածում' չէ, սա էն չէր' ինչին ես էի սպասում, իմը դեռ գալու է:

 

Սպասում ենք' ձմեռն անցնի, 3 ամիս' 90 օր, 90 ցերեկ ու գիշեր մատաղ ենք անում' հանուն ոչնչի, որովհետև ամռանը սպասում ենք հաջորդ ամռան գալուն, էլ չասեմ, որ գարունն ու աշունն էլ կիսատ ենք ապրում' անձրևոտ օրերը հաշիվ չեն:

 

Սպասում ենք, այդ ընթացքում հազվադեպ «փոքր» ուրախություններով հրճվում, մենք' մեծ իրադարձություն ենք սիրում, աչք ծակող, խոշոր, որ չուրախանալու տեղ չունենանք:

 

Սպասում ենք ու այդ ընթացքում փոխվում. մեր հասունանալը սպասման մեջ կուլ է գնում:

 

Սպասում ենք' դիմացինի սպասումը քիչ կարևոր, իսկ ձեռքբերումն էական համարելով:

 

Սպասում ենք' ավելի շատ ուրիշների կյանքով ապրելով ու  թողնելով, որ մեր կյանքն էլ ապրվի' ուրիշների կողմից:

 

Սպասում ենք' հասնում տեղ, բայց էլի հետ նայում:

 

Սպասում ենք' լույսը բացվելուն, երեխայի մեծանալուն, երեխաներին իրենց մուրազին հասցնելուն, թոռների' ամենալավ խաղալիքը, հագուստը, կրթությունն ունենալուն, սպասում ենք ու վերջում մատ թափ տալիս ժամանակի վրա:

 

Սպասում ենք' մի տեսակ մոռանալով, որ միգուցե մեկն էլ, հնարավոր է, է՜, մեկն էլ մեզ է սպասում:

 

Սպասում ենք' անկապ սպասում ենք:

 

Թվում է' սպասում ենք, իրականում պատճառ ենք փնտրում' սպասման համար ու սկսում սպասել:

 

Կարինե Հարությունյան