Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում արել է հայտարարություններ, որոնց հասարակությունը սպասում էր վաղուց, հատկապես` ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը մայիսի 14-ից, քաղաքական, հասարակական, մասնագիտական ու գիտական բոլոր շրջանակների ներգրավմամբ, սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերներին դիմակայելու, «ավելի արդյունավետ պետություն» ստեղծելու նպատակով։ Դրանց արդյունքները կարճ ժամկետներում պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների։ Մինչ այդ, ըստ վարչապետի, արդեն վեր են հանվել մի շարք խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները։ Դատելով նրա հայտարարությունից` դրանք երեքն են։
Առաջինը խիստ խնայողությունների ռեժիմին անցնելն է՝ «քիչ ծախսատար պետական կառավարում ունենալու համար»։ Ծախսերի կրճատումն արվելու է գործուղումների, ներկայացուցչական ծախսերի, վերանորոգումների, ծառայողական մեքենաների համար հատկացված միջոցների հաշվին։
Երկրորդը պետական ապարատի օպտիմալացումն է, ինչպես վարչապետն է բնորոշել՝ այն «կոմպակտ դարձնելը», որը տեղի է ունենալու կադրային կրճատումների միջոցով։ Դրանք կընդգրկեն պետական մարմինների բուն աշխատակազմերը, ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, առանձնացված ստորաբաժանումները։ Թեև այս միջոցառումները մեծացնում են սոցիալական լարվածությունը, կառավարությունը որոշել է գնալ դրան՝ ելնելով իրավիճակի «ոչ ստանդարտ» լինելու իրողությունից։
Երրորդ` թերևս ամենացավոտ ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, որտեղ Հովիկ Աբրահամյանը, ինչպես ինքն է նշում, տեսնում է արագ շոշափելի արդյունքներ գրանցելու հնարավորություններ։ Այս ուղղությամբ վարչապետն առաջ է քաշել երկու սկզբունք։ Առաջինը, ըստ գերատեսչությունների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար պատասխանատվությունն է: «Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»,- ասում է նա: Երկրորդը վերաբերում է շահերի բախման սկզբունքին։ «Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- նշել է վարչապետը:
Որպես կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի միջոց և տնտեսական աճի ապահովման գրավական` վարչապետն առանձնացրել է ձևավորված մենաշնորհների դեմ պայքարը՝ ընդունելով հանրային այն քննադատությունը, թե «կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն»: Հայտարարելով, որ եկել է այդ թերությունն ուղղելու ժամանակը՝ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հանձնարարել է, միջազգային կառույցների ներգրավմամբ, առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում «վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա» և առաջարկել իրավիճակը շտկող արդյունավետ լուծումներ։ Ըստ վարչապետի՝ կառավարությունն ունի այս ամենին հասնելու բավարար քաղաքական կամք։
Վարչապետի հայտարարությունը կարելի է համարել յուրօրինակ խոստովանություն, որ նշված ուղղություններով կառավարության գործունեությունը մինչև հիմա եղել է ոչ այնքան արդյունավետ։ Իհարկե, հարց կարող է առաջանալ` եթե կառավարությունն ունի այս խիստ հրատապ և վաղուց բարձրաձայնվող բարեփոխումները, կառավարման համակարգում վաղուց հասունացած «վիրահատական միջամտություններ» իրականացնելու քաղաքական կամք, ապա ինչո՞ւ է միայն հիմա դրանց դիմելու խնդիր դրվում, ինչո՞ւ է միայն հիմա խոսվում «ավելի արդյունավետ պետություն» ունենալու մասին։ Մյուս կողմից, սակայն, պետք է ընդունել, որ որևէ կառավարության համար հեշտ չէ խոստովանել սեփական սխալները և հենց դրանց խոստովանությունը կարող է դառնալ դրանց շտկման, պահանջվող լրջագույն ներքին վերափոխումներին գնալու նախադրյալ։
Հովիկ Աբրահամյանը պնդում է, թե «Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են», և ստեղծված իրավիճակը, լինելով ոչ ստանդարտ, պարտադրում է անել ոչ ստանդարտ քայլեր, կայացնել ոչ ստանդարտ որոշումներ։ Մեծ հաշվով, սակայն, ոչ թե անվտանգության խնդիրների, սպառնալիքների բնույթն է փոխվել, այլ դրանց նկատմամբ իշխանության, մասամբ` հասարակության ընկալումները։ Դրանք բթացել էին այն աստիճան, որ մղվել էին երրորդ-չորրորդական պլան: Քառօրյա պատերազմը պարզապես բացեց բոլորի աչքերը՝ տեսնելու համար, թե որքան է երկիրը մոտեցել անդունդի եզրին, և ինչ կլիներ, եթե այս համընդհանուր ինքնախաբեությունը, նիրհը մի քիչ էլ շարունակվեր։
Եվ ահա վարչապետն ասում է, որ կառավարությունն արթնացել է, որ եկել է գործելու ժամանակը, և կառավարությունը գործելու է։ Ազդակներն, իհարկե, ճիշտ են և ողջունելի, բայց այս պահին գոնե դեռ խոսքեր են, որոնցից հասարակությունը շատ է լսել` տարբեր ժամանակներում: Պետք է խոստովանել, որ մարդիկ խոսքերին չեն հավատում։ Նրանք ուզում են տեսնել գործողություններ, շոշափել կոնկրետ արդյունքներ։ Իսկ նման պայմաններում իշխանության քաղաքական կամքի առկայությունը կամ բացակայությունը գնահատվելու է բացառապես նրանով, թե որքանով են այս հայտարարությունները, վերցված հանձնառությունները, տրված հանձնարարականները կյանքի կոչվելու իրական կյանքում, ինչպես են դրանք անդրադառնալու հայկական բանակի սպառազինման, մարտունակության բարձրացման, սովորական քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, երկրում արդարության հաստատման վրա, ինչքանով են հանգեցնելու այս վիճակի պատասխանատուների պատժմանը։
Գևորգ Աղաբաբյան