Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 21-ից Քեսաբը Սիրիայի ընդդիմադիր ուժերի հսկողության տակ է: Գյուղաքաղաքը ամբողջովին ամայացած է, իսկ կողքի Գարատուրան գյուղում մնացած մի քանի տարեցներն էլ տեղահանվել են ընդդիմադիր ուժերի կողմից: Գարատուրանցիների հավաքական երթը դեպի Լաթաքիա տեղի ունեցավ մարտի 22-ին: Երկու քույրեր` 84-ամյա Սաթենիկ ու 82-ամյա Սրբուհի Թիթիզյանները չկարողացան հասնել դեպի Լաթաքիա հեռացող քարավանին: Նախորդ երկուշաբթի օրը ընդդիմադիրները նրանց իրենց տներից դուրս հանեցին և, Յայլատաղի սահմանակետով անցկացնելով, հանձնեցին Թուրքիայի իշխանություններին: Յայլաթաղի գավառապետության և Թուրքիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ` երկու քույրերը փոխադրվեցին հայաբնակ Վաքըֆլը գյուղ: Նրանք տնից դուրս էին եկել, կարծելով՝ Լաթաքիա են գնալու, և երբ բերվել էին Թուրքիա, շփոթության էին մատնվել և հայտնվել սարսափի մեջ: Թիթիզյան քույրերի հետ միասին Թուրքիա էր տեղահանվել նաև 90-ամյա Իսման Նիզար անունով մի արաբ:
Գավառապետ Թուրան Յըլմազն ու ոստիկանապետ Աքիֆ Գըզըլքայան դիմավորեցին նրանց և երեկոյան ժամերին հասցրեցին հայկական Վաքըֆլը գյուղ (Մուսա լեռում մնացած միակ հայկական գյուղ):
Տեսեք, թե նրանք ինչպե՞ս պատմեցին ցավալի իրողությունը:
-Վստահ չեմ՝ երկուշաբթի էր, թե՝ երեքշաբթի: Մեկ շաբաթ էր, ինչ հայերը հեռացել էին Քեսաբից: Մորուքավոր, հսկայակազմ, երկար մազերով մարդիկ եկան մեր տուն: Բնականաբար, սոսկացինք: Տունը խուզարկեցին, զենք էին փնտրում: Նրանք թուրքախոս էին: Հաջորդ առավոտյան արաբախոսներ էլ եկան ու դիմեցին մեր հարևան Ստալինին` մեզ թարգմանելու համար: Նրանք ասացին, որ վաղը առավոտ շուտ գալու են՝ մեզ Լաթաքիա տանեն: Այդպես էլ եղավ: Պատրաստ էինք արդեն: Տան դուռը կողպեցի և բանալիները հանձնեցի իրեն: Ես գիտեի, որ մեզանից հետո նրանք տուն էին մտնելու: Մտածեցի՝ գոնե բանալիով բացեն-մտնեն, դուռը չջարդեն: Մինչև սահման հասնելը կարծում էի` գնում ենք Լաթաքիա, բայց հետո նկատեցի, որ արդեն հասել ենք Թուրքիա: Մեզ ներկայացրեցին «մեծ մարդուն» (գավառապետին): Ստուգեցին մեր մատնահետքերը, արյան ճնշումը չափեցին ու, անձնագրերը ցած դնելով, ասացին. «Այստեղ մի հայկական գյուղ կա, որտեղ կա եկեղեցի, ձեզ այնտեղ ենք տանելու»: Ահա` հիմա այստեղ ենք: Այն հարցին, թե Ստալինը ինչո՞ւ չհեռացավ Քեսաբից, նա ասաց. -Նա տարեց էր: Ասաց, որ եթե մեռնեմ, այստեղ մեռնեմ: Այդ պատճառով հրաժարվեց գյուղից դուրս գալ:
-Արդյոք պատկերացնո՞ւմ էիք, որ այսքան մեծ թվով կհարձակվեին գյուղի վրա:
-Չէինք պատկերացնում, բայց մեզ ասացին, որ Էրդողանը բացել է ճանապարհները: Իսկապես, եթե նա չբացեր ճանապարհները, այդքան վատ մարդիկ չէին կարողանա մտնել Քեսաբ և Գարատուրան: Այդ մորուքավոր վատ մարդիկ Թուրքիայից եկան: Բարեբախտաբար, ժողովուրդը արդեն հեռացել էր, այդ պատճառով զոհեր չունեցանք: Նրանք միայն պիտանի իրերը թալանեցին: Մարդկանց տան դռները կոտրեցին և բացեցին: Ժողովուրդը արդեն մեքենաներով հեռացել էր՝ թողնելով տրակտորները: Նրանք էլ այդ տրակտորներով սկսեցին շրջել գյուղերում: Այսուհետ դժվար թե կարողանանք Գարատուրան գնալ, այնտեղ էլ է պատերազմ է: Բայց եթե կարողանաք մեզ էլ Լաթաքիա՝ քեսաբցիների մոտ ուղարկել, կգնանք, անշուշտ: Բեյրութում էլ քույր-եղբայր ունեմ, կարող եմ այնտեղ գնալ: Կարող ենք այստեղ էլ մնալ, որովհետև գյուղացիները շատ ջերմ են վերաբերվում մեզ:
Լորա Պայթար Չափար
«ԱԿՕՍ»