Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում այսօր տարածվեց «Հայ ազգայնական շարժում» կազմակերպության հայտարարությունը, որում նրանք 20-40 տարեկան տղամարդկանց զորահավաք են հայտարարել եւ բոլորին, ովքեր պատրաստ են մեկնել Քեսաբ' տեղի հայությանը պաշտպանելու, կոչ են անում միանալ իրենց: Yerkir.am-ին հաջողվեց հեռախոսազրույց ունենալ հայտարարության համահեղինակ Նորայրի հետ:
-Դուք հայտարարել եք զորահավաք, ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ եք պատրաստվում անել, կխնդրեի ներկայանալ ու ներկայացնել ձեր կազմակերպությունը:
-Այո', հայտարարել ենք: Մեր կազմակերպությունը' «Հայ ազգայնական շարժում»-ը, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն է, բայց առայժմ գրանցված չէ, մոտ օրերս կգրանցվենք: Մենք տարբեր մարդկանց, դեսպանատան հետ բանակցում ենք, որպեսզի կամավորների ջոկատով մեկնենք Քեսաբ` տեղի հայերին պաշտպանելու:
- Դուք գնացե՞լ եք Սիրիա, եղե՞լ եք Քեսաբում, ծանո՞թ եք Քեսաբում ստեղծված իրավիճակին, արդյո՞ք անհրաժեշտություն կա «զորահավաք» հայտարարելու:
- Ո'չ, ես դեռ չեմ գնացել, բայց ընկերներ ունեմ, որ եղել են կամ այնտեղ են: Իհարկե, զորահավաքի անհրաժեշտություն կա, որովհետեւ այսօր Հալեպում կապի միջոցներ չկան, կտրված են: Մանավանդ, որ Թուրքիայի կողմից ապստամբների շարժը հովանավորելը կա: Հաշվի առնելով այդ ամենը` այնտեղ հայերը շատ վատ իրավիճակում են ու ակնկալում են հայրենիքի աջակցությունը` Հայաստանի կառավարության, թե` առհասարակ սովորական մարդկանց:
- Սիրիայում հակամարտությունն արդեն 2-3 տարի է, ինչ ընթացքի մեջ է, Հալեպում, Դամասկոսում ավելի շատ հայեր կային, որոնց նույնպես Ձեր նշած վտանգները սպառնում էին, ինչո՞ւ այն ժամանակ չորոշեցիք մեկնել Սիրիա եւ օգնել սիրիահայերին:
-Դե, այնտեղ քաղաքային պայմաններ էին ու քաղաքային պայմաններում դժվար է... Ասենք' կարելի է Քեսաբում ավելի լավ կազմակերպել ինքնապաշտպանությունը...
-Սիրիան Սիրիա է, ի՞նչ տարբերություն, թե ո՞ր բնակավայրում ես պաշտպանվելու: Քեսաբն էլ է քաղաքատիպ ավան... Ուզում եմ հարցնել, թե ինչո՞ւ այդ միտքը նոր առաջացավ:
-Նոր առաջացավ այն պատճառով, որ սա կոնկրետ Թուրքիայի հետ է կապված: Սա առաջին դեպքն է, որ նրանք կոնկրետ հայկական բնակավայր են մտցրել իրենց հովանավորյալ ապստամբներին, ու նրանց հակահայ քաղաքականությունը սպառնում է հայերին: Թուրքիան զինված խմբավորումներ է մտցնում այդ տարածք, որ մարդկանց այնտեղ թալանեն, ճնշումների ենթարկեն, ու մարդիկ էլ հեռանում են իրենց բնակավայրերից: Եվ կարելի է ու պետք է գնալ, այդ մարդկանց կոնկրետ պաշտպանել, պետք է այդ միջոցառումը կազմակերպել:
-Ինչպե՞ս եք պատրաստվում գնալ, զենք ունե՞ք, թե՞ որոշել եք գնալ ու տեղում զենք հայթայթել:
-Դեռ խումբը ձեւավորենք... Այդ ընթացքում մենք բանակցություններ ենք տանում, թե, օրինակ, Սիրիան ինչով կարող է ապահովել, ինչ հնարավորություններ ունի թե' զենքի մասով, թե' առհասարակ: Ու պետք է արդեն որոշակի երաշխիքներ լինեն կամ խոստումներ, որ արդեն կոնկրետ ներկայացնենք:
-Իսկ ո՞ւմ հետ եք բանակցում:
-Տարբեր մարդկանց հետ' հայերի, սիրիացիների եւ դեսպանատան հետ: Առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա: Բայց մոտակա օրերի ընթացքում կարող է որոշակիություն լինել, ու մենք կհայտարարենք:
-Եթե պայմանավորվածություն չկա, հստակ ոչինչ չկա, «զորահավաք» հայտարարելը մի քիչ ճոխ չի՞ հնչում:
-Ո'չ, բնավ: Պետք է դա: Կարող է հենց այս պահին ինչ-որ պայմանավորվածություն չլինի, բայց մի շաբաթ հետո արդեն լինում է, ու տղաները գնում են: Այստեղ խնդիր չկա: Կարող է Սիրիայի կառավարությունն էլ չկարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ կամ օգտակար լինել, ու այդ դեպքում մենք պետք է կարողանանք մեր խմբերով գնալ, այնտեղ լինել ու աջակցել հայերին: Մենք թույլ տվեցինք, որ տեղի ունենա Սումգայիթ, ու հիմա պետք չէ, որ թույլ տանք' նույնը տեղի ունենա Սիրիայի հայաշատ վայրերում: Ես ոնց հասկանում եմ' հայերին վերացնելը թուրքերին մեծ հաճույք է պատճառում:
-Արդեն ձեր կոչին միացողներ կա՞ն:
-Դեռ նոր ենք տեղադրել հայտարարությունը: Առայժմ չկան: Շատ մարդիկ կան` թե' մեր խմբավորման անդամներից, թե' տարբեր կազմակերպություններից, ովքեր ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել գնալու: Ուղղակի այստեղ հնարավորությունների հարցն է, որ նրանք իրենց անձնական միջոցների հաշվին չեն կարող մեկնել: Դրա համար տարվում են այդ բանակցությունները, որ կարողանանք որոշակի պայմանավորվածություն ունենալ, որ մարդիկ գնան այնտեղ ու, կլինի զենքով, կլինի որոշակի պայմաններով, ապահովվեն այնտեղ:
-Դուք անձամբ պատրաստվո՞ւմ եք գնալ:
-Այո', իհարկե:
Գ. Ա.