Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական Քեսաբի հայաթափումից հետո պաշտոնական Երևանից ընդամենը մեկ արձագանք է հնչել: Հայաստանի նախագահը Հաագայում հայտարարեց, որ տեղի ունեցածը մարդու իրավունքների խախտում է և նշեց, որ հանձնարարել է ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին` «հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»:
Թե որքանով է կատարվել նախագահի այս հանձնարարականը, որևէ տեղեկատվություն չկա: Եվ դա թվում է բնական, որովհետև այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչպես է ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցչությունը հետամուտ լինելու այդ խնդիրներին, և, ընդհանրապես, ինչ ասել է հետամուտ լինել: Միակ բանը, որ կարող էր անել դիվանագիտական կորպուսը ՄԱԿ-ում, խնդրին քաղաքական հնչեղություն հաղորդելն է և կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալը: Իսկ դրա համար ավելի լավ ամբիոն, գործելու դաշտ, քան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանն է, գոյություն չունի:
Որևէ նախանշան չկա, որ այս հարթակում Հայաստանն ընդհանրապես պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել: Ընդամենը մի քանի օրից մեկնարկելու է նաև ԵԽԽՎ նստաշրջանը, և Հայաստանի պատվիրակությունն առաջիկայում մեկնելու է Ստրասբուրգ: Որևէ նախադրյալ չկա ասելու, որ Երևանը պատրաստովում է օգտագործել գոնե այս հարթակը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կառույցում ներկայացված է նաև Թուրքիան, և որ Քեսաբի խնդիրն ուղղակիորեն առնչվում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և, ըստ էության, էթնիկական զտումներին` ահաբեկչական խմբավորումների գործուն մասնակցությամբ: Երևանը, թերևս առաջնորդվում է հովիկաբրահամյանական այն մտածողությամբ, որ ավելի լավ է չխառնվել Սիրիայի ներքին գործերին: Եվ այս իմաստով նախագահի արած հայտարարությունը, տված հանձնարարականը թվում է ընդամենը դատարկությունը հերթապահ հայտարարություններով լցնելու անիմաստ քայլ:
Թերևս հենց այս բացահայտ անգործությունը և փարիսեցիական կեցվածքը ծածկելու համար հապշտապ կերպով ձեռնարկվեց Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների գործուղումը Սիրիա, որի նպատակը, օգտակար գործողության գործակիցը այդպես էլ շարունակում է մնալ այն աստիճան անհայտ և անհասկանալի, որ եթե չլիներ չափազանց տխուր առիթը, նույնիսկ կթվար չափազանց զվարճալի: Նրանք ակնհայտորեն չեն ներկայացնում ո'չ խորհրդարանը, ո'չ էլ պետական իշխանության որևէ մարմին: Որովհետև, ինչպես պաշտոնապես է հաստատվել, պատգամավորները Սիրիա են մեկնել անձնական նախաձեռնությամբ: Բացի դրանից` այդ պատվիրակությունը չի ընդգրկում ողջ խորհդրարանը`այնտեղ ներկայացված բոլոր քաղաքական ուժերով հանդերձ:
Ընտրելով այս կիսապաշտոնական ձևաչափը` իշխանությունը մի կողմից փորձում է քեսաբահայությանը սատար կանգնողի տպավորություն ստեղծել, իսկ մյուս կողմից` խուսափել սիրիական իշխանությունների հետ կոնտակտների համար ուղղակի պատասխանատվություն ստանձնելուց: Այսպիսով` Հայաստանը հերթական «պտիչկան» է դնում թե', առանձին վերցրած, սիրիահայության խնդիրների, թե', ընդհանուր առմամբ, հայկական համայնքների ամբողջականությունը պահպանելու` իր առանցքային պարտավորության կատարման առջև: Գուցե այս պահին նման երեսպաշտությունն ինչ-որ էֆեկտ թողնի: Բայց երկարաժամկետ կտրվածքով սա պարզապես համահայկական ընդհանուր օրակարգը ձախողելու ակնհայտ նախանշան է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ