Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ատամ ցույց տալու ժամանակն է. Քեսաբում բնակվող հայությանը պաշտպանելու վերաբերյալ այսպես արտահայտվեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ նույնիսկ փոքր ատամ ցույց տալն ազդեցություն է ունենում, քան ընդհանրապես ոչինչ չանելը: Իսկ, առհասարակ, Հայաստանը պետք է կարծր դիրքորոշում արտահայտի Քեսաբում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Իսկ պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը տեսակետ հայտնեց, որ եթե կոնֆլիկտը երկարատև լինի, ապա Հայաստանը պետք է համագործակցի Սիրիայի հետ` միայն հայաբնակ հատվածներում իր ազգակիցներին պաշտպանելու նպատակով կամավորական գունդ ուղարկելով Քեսաբ:
Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի այն խոսքերին, թե Հայաստանը չի կարող այլ պետությունների ներքին գործերին խառնվել, բանախոսը նշեց, որ այս դեպքում արդեն ամբողջ աշխարհն է խառնվել Սիրիայի գործերին: Բացի դրանից` ՀՀ-ն ոչ թե խառնվում, այլ համագործակցության միջոցով պաշտպանում է իր ազգակիցներին, ինչը պարտավոր է անել:
Երկու բանախոսներն էլ համամիտ էին, որ Քեսաբը «փուշ» է եղել Թուրքիայի համար և այն հեռացնելու, հայկական գործոնից ազատվելու համար այժմ գործի է անցնել: Հ. Ավետիքյանը, մասնավորապես, նշեց, որ զբոսաշրջային բնակավայր Քեսաբը հատկապես ամռանը դառնում էր հայ երիտասարդների հավաքատեղի` գալիս էին ոչ միայն Եվրոպա և Ամերիկա արտագաղթած քեսաբցիները, այլև Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի այլ բնակավայրերում ապրող հայերը:
Պատմաբան Գ. Յազըճյանը նշեց, որ վերջին իրադարձություններն արդեն երրորդ անգամ են ստիպում քեսաբահայությանը արտագաղթել` առաջին անգամ նրանք տարհանվել են 1909 թվականի ապրիլին` Ադանայի ջարդերի ժամանակ, երկրորդ անգամ` 1915 թվականի հունիսին` Մեծ եղեռնի ժամանակահատվածում, և այս օրերին: Դրական առումով արտագաղթ է եղել 1947 թվականին, երբ քեսաբահայության 1/3-ը հայրենադարձվեց` տեղափոխվեցին Հայաստան:
Քեսաբի բնակչությունը վերջին շրջանում 2500 մարդ է, գերակշռող մեծամասնությունը հայեր են: Ամռանը զբոսաշրջիկների թիվը հասնում է մինչև 100 հազարի: Քեսաբը հայտնի է իր «Գոլդեն» տեսակի խնձորով և դափնուց ստացված ձեթով, դրանից պատրաստվող բուժական միջոցներով:
Գ. Յազըճյանը հետաքրքիր մի փաստ ներկայացրեց` 1980-ական թվականներին միայն մեկ քուրդ ընտանիք է տեղափոխվել Քեսաբ, որի անդամների թիվը ներկայումս հասել է 150-ի:
«Քեսաբ» բառն առաջացել է լատիներեն «քասաբելլա» բառից, որը նշանակում է սիրուն տուն: Քեսաբը հայաբնակ է եղել դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: