կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-29 12:35
Քաղաքական

ՄՄ-ին անդամակցելու` Հայաստանի միջոցառումները նախատեսվածից արագ տեմպերով են ընթանում. Մեդվեդեւ

ՄՄ-ին անդամակցելու` Հայաստանի միջոցառումները նախատեսվածից արագ տեմպերով են ընթանում. Մեդվեդեւ

Երևանում ընթանում է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը` «Հայաստան- ՄՄ» հնարավորություններ և մարտահրավերներ թեմայով, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ ու փորձագետներ:

 

Համաժողովին ընթերցվեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի խոսքը, որում ՌԴ վարչապետը ողջունում է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և անդամակցությանն ուղղված` Հայաստանի ձեռնարկած միջոցառումները, որոնք ընթանում են նախատեսվածից արագ տեմպերով:

 

Ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ համաժողովն իր աշխատանքների արդյունքում պետք է ընդունի բանաձև: Նրա խոսքով` համաժողովի նպատակն է հասանելի դարձնել թեմային առնչվող հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում են Հանրապետական կուսակցության անդամներին: Խոսելով ՄՄ-Հայաստանի անդամակցության մասին` նա նշեց, որ բոլորի աչքի առաջ ձևավորվեց Մաքսային միությունը, և այդ նոր իրողությունները պարտադրում էին Հայաստանին հստակեցնել իր հարաբերությունները ՄՄ-ի հետ:

 

Մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը` վարչապետը մեկ անգամ ևս շեշտեց, որ Հայաստանը մերժում է որևէ գործընկերոջ հետ հարաբերություններ, եթե դա ուղղված է մեկ այլ գործընկերոջ դեմ, այսինքն՝ Հայաստանը դիտարկում է իր հարաբերությունները ՄՄ-ի և ԵՄ-ի հետ որպես փոխլրացնող հարաբերություններ, որոնք բխում են Հայաստանի շահերից:

 

«Այն պլատֆորմը, որը ՄՄ-ում ձևավորվել է, շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և տնտեսության զարգացման աստիճանին»,- ասաց վարչապետը:

 

Նա փորձեց անդրադառնալ այն հարցերին, որոնք հուզում են ՀՀ քաղաքացիներին՝ ՄՄ անդամակցության համատեքստում: Արդյո՞ք ՀՀ-ն անդամագրվելով ՄՄ-ին և հետագայում Եվրասիական միությանը, չի կորցնում իր ինքնիշխանությունը:

 

Վարչապետի խոսքով` ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանը հանդես է գալու որպես իրավահավասար մասնակից՝ ձեռք բերելով լիազորություններ և ազդեցության լրջագույն լծակներ: Ի՞նչ է տալիս ՄՄ անդամակցությունը հայկական բիզնեսին: Այս հարցին պատասխանելով` վարչապետը կարծիք հայտնեց, որ անդամակցության շահավետությունը Հայաստանի համար ակնհայտ է, քանի որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները անխոչընդոտ մուտք են գործելու մեծ շուկա, ինչը կնպաստի տնտեսական աճին: Հաջորդ կարևոր առավելությունն այն է, որ մաքսային ձևակերպումները էականորեն կդյուրացվեն:

 

Ըստ վարչապետի` էականորեն կբարելավվեն շուկայական պայմանները: Կվերանան տեխնիկական խոչընդոտները, և ապրանքները առանց լրացուցիչ պայմանների կարող են արտահանվել ՄՄ տարածք: Առավելությունների թվում են նաև ներդրումների ներգրավման ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես` «Ռոսնեֆթ»-ի նոր ծրագիրը 400 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում: Եվ ևս մեկ առավելություն, այն է՝ էժան հումքի հասանելիություն Հայաստանի տնտեսվարողների համար: