կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-29 11:50
Հասարակություն

Հենց գյուղացին բահ ա վերցնում, թշնամին լկտիանում ա. հակառակորդը դարձյալ ակտիվացել է

Հենց գյուղացին բահ ա վերցնում, թշնամին լկտիանում ա. հակառակորդը դարձյալ ակտիվացել է

Վաղ առավոտից Տավուշի մարզի Չինարի գյուղում` երաժշտության ներքո,  գյուղացիները սկսել են ծառատունկը: Թշնամու գնդակոծությունների թիրախ հանդիսացող սահմանամերձ այս գյուղի բնակիչները ծառեր են տնկում այն հատվածներում, որոնք թշնամու կողմից տեսանելի են, օրինակ` գերեզմանոց և մանկապարտեզ տանող ճանապարհներին:

 

Նշենք, որ Չինարիի ուղղությամբ երեկ էլ են կրակոցներ արձակվել, սակայն yerkir.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հավաստիացրեց, որ մերոնք արժանի հակահարված են տվել և լռեցրել թշնամուն:

 

Բանն այն է, որ գյուղում արդեն սկսվել են հողագործական աշխատանքները, և հակառակորդն ամեն բան անում է գյուղացուն խանգարելու համար:

 

«Ամեն տարի` մարտի կեսերից, հենց գյուղացին բահ ա վերցնում, թշնամին լկտիանում ա, ավելի շատ ա սկսում կրակել»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետն ու հավելեց. «Մեկ ա, ինչքան էլ ուզում է կրակեն, մեր ժողովրդի դուխը չեն կարող կոտրել»:

 

Սաղոյանը նաև նշեց, որ գյուղացիներն արդեն իրենց այգիների ծառերն էտել են, կարտոֆիլը` ցանել, իսկ ծիրանենիներն էլ ծաղկել են:

 

Նշենք, որ երեկ հակառակորդն անկանոն կրակահերթ է բացել նաև սահմանամերձ մյուս գյուղերի` Այգեպարի, Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ: Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ yerkir.am-ին հայտնեց, որ կրակոցներն ընդհատումներով են հնչել, և գյուղն այս անգամ շատ վնասներ չի կրել: