կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 16:42
Առանց Կատեգորիա

Մեզ բահ տվեք

Մեզ բահ տվեք

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների խնդրով: «Հանձնարարում եմ մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է վարչապետը:

Բարոյական առումով` այստեղ բոլոր բառերը կարեւոր են` մեկը մյուսից ավելի շատ, բայց, ֆինանսական առումով, ամենակարեւորը «կայուն» բառն է: Կայուն եկամուտ: Սա լավ է, քանի որ վարչապետը չի հանձնարարել միանվագ օգնություն տրամադրել զոհվածներին եւ պետության պարտավորությունը համարել կատարված: Կայուն եկամուտը չի նշանակում ամսական հատուկ թոշակ, նշանակում է աշխատատեղ: Սա շատ կարեւոր է: Հնարավոր է, որ հայրեր եւ որդիներ կորցրած ընտանիքներից որոշներն արդեն աշխատանք ունեն, բայց փաստ է, որ գերակշիռ մասը մնացել է առանց ընտանիքին կերակրողի:

Նպաստն ու թոշակը լավ բան չեն` իմ կարծիքով: Նպաստն ու թոշակը նշանակում են անճարություն, անզորություն, աշխատանք չունենալու խոստովանություն, անաշխատունակություն: Այս բոլորը լավ բաներ չեն, այս բոլորը մեր հերոսների, հենց հերոսների ընտանիքների համար չեն: Չէ՞ որ այդ հերոսներն այդ ընտանիքներում են ծնվել, ուրեմն այդ ընտանիքները հերոս ընտանիքներ են, հերոս, այսինքն` զորեղ, աշխատող, աշխատասեր եւ աշխատունակ:

Աշխատունակ եւ աշխատանք ունեցող ընտանիքները ուժեղ պետության հիմքն են, գրավականը, ապացույցը: Աշխատանքի գնացող, աշխատող եւ կայուն աշխատավարձ /եկամուտ/ ստացող մարդն ուժեղ է` սահմանին կանգնած իր որդու նման: Այս երկուսն են ուժեղ պետություն կառուցում: Մեկն առանց մյուսի ուժեղ սահման է կամ ուժեղ տնտեսություն, բայց ոչ` ուժեղ պետություն:

Հերոս ընտանիքներին ո'չ միանվագ, ո'չ կայուն օգնություն պետք չէ, օգնություն պետք չէ: Օգնությունը պարտավորություն չէ, օգնությունը բարերարություն է: Հերոս ընտանիքների հանդեպ պետությունը պարտավորություն ունի, նրանց պետք է հնարավորություն տալ, նրանց պետք է ամրացնել, լույս ցույց տալ, առաջ մղել, ապրեցնել, այլ կերպ ուժեղ պետություն չեն կառուցում, իսկ մենք իրավունք չունենք թույլ պետություն ունենալու, որտեղ ավելի շատ թոշակառուներ եւ նպաստառուներ կան, քան աշխատողներ:

Ֆիդայիների մասին մի գիրք կա, կոչվում է «Մեզ բահ տվեք»: Ուշադրություն դարձրեք` զենք չէ, փող չէ, բահ: Բահն աշխատանքն է այն հողի վրա, որը մերն է, չենք տալու եւ պետք է շենացնենք:

Հովիկ Աֆյան