կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 15:50
Տնտեսական

Ոչ թե հրաժարվել են նոր ատոմակայան կառուցելու մտքից, այլ փող չեն գտել

Ոչ թե հրաժարվել են նոր ատոմակայան կառուցելու մտքից, այլ փող չեն գտել

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների ձգձգման կապակցությամբ, արդեն տեղեկացրել ենք, անհրաժեշտություն է առաջացել երկարացնել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային գործողության ժամկետը, ինչը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ:

 

Որոշման նախագիծը ներկայացնող` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ կառավարության կողմից ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը մնում է նույնը` շարունակել բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը, մինչեւ շահագործման ավարտը եղած պլանային վերանորոգումների ընթացքում իրականացնել էներգաբլոկի շահագործման երկարացման համար պահանջվող աշխատանքները, միաժամանակ ակտիվացնել հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հնչեցեց մի հարց, որը հետաքրքրում էր նաեւ լրագրողներին, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից: Այս առումով Արմեն Մովսիսյանը նշեց. «Դրա համար ես հատկապես նշեցի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որ շարունակում ենք ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները: Այս դանդաղկոտությունը ոչ թե մեզ հետ է կապված, այլ պայմանավորված է միջազգային տնտեսական ճգնաժամով, կապված է աշխարհաքաղաքական շատ գործընթացներից, որոնք հնարավորություն չտվեցին համապատասխան ֆինանսական միջոցներ ապահովել` այս կայանը կառուցելու համար: Հիմա նորից պետք է ակտիվացնենք, պետք է շարունակենք չբավարարող ֆինանսական մասն ապահովել, որպեսզի նոր միջուկային կայանը կառուցենք»: