կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 14:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենց այսօր պետք է մտածենք նոր Ատոմակայան կառուցելու մասին․ Արա Նռանյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը ԱԺ-ում ներկայացրեց ՀԾԿՀ տիրույթում գտնվող ոլորտների զարգացման իր տեսլականը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրա թեկնածությունն այս պաշտոնի համար առաջադրել են Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Մինչև լիագումար նիստը քաղաքական մեծամասնությունը ևս հանդիպում է կազմակերպել և համատեղ քննարկել անելիքը։

ՀԾԿՀ տիրույթում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, նշեց Արա Նռանյանը, մեր տնտեսության այն հատվածները, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների և պետության շահերին, ունեն կարևորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն և հսկայական ազդեցություն երկրի անվտանգության մակարդակի վրա։

Հանձնաժողովը, նրա համոզմամբ, կոչված է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը։

Նա նշեց, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև։

Էներգետիկայի ոլորտի մասին խոսելով՝ Նռանյանն ասաց, որ, այո՛, մենք երկարացնում ենք Հայկական ատոմակայի շահագործման ժամկետը, սակայն դա հավերժ չի կարող շարունակվել․ նոր մարտահրավերների լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև ժամանակ։

«Նոր Ատոմակայանի կառուցման մասին նշված է նաև Կառավարության ծրագրում, ինչը ես որպես դրական ազդակ եմ արձանագրում։ Մեծ է հավանականությունը, որ որոշ ներդրումների ներգրավմամբ՝ կարող ենք մեկ անգամ ևս երկարացնել Ատոմակայնի շահագործումը, սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին, քանի որ դրանք չեն կարող ձևավորվել կարճաժամկետ հատվածում»,-պարզաբանեց Արա Նռանյանը։

Նա նաև նկատեց, որ սեպտեմբերի 30-ին հայտարարվեց, որ Ռուսաստանը Ղազախստանում նոր ատոմակայան է կառուցելու, իսկ Թուրքիայի նախագահը ՌԴ-ին առաջարկել է ևս երկու ատոմակայան կառուցել Թուրքիայում, այնպես որ, տարածաշրջանում ատոմակայանների վրա շեշտադրումը շարունակվում է։

Թեկնածուին ներկայացնելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Լիլիթ Գալստյանը նշեց, որ Արա Նռանյանի անցած ճանապարհը  թույլ է տալիս վստահաբար բարձրաձայնել՝ գործ ունենք պրոֆեսիոնալ, սկզբունքային, խորագետ անհատի հետ, որի համար պետականության համար ծառայությունն ու պետական շահի գիտակցումը, նվիրումը անսակարկ արժեքներ են։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․