կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 17:02
Քաղաքական

Ձեզանից վախեցող չկա. արդարադատության նախարարը՝ ընդդիմությանը

Ձեզանից վախեցող չկա. արդարադատության նախարարը՝ ընդդիմությանը

ԱԺ նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց իր առարկությունները ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

 

Արդարադատության նախարարը նշեց, որ ներկայացվող առաջարկությունը որևէ օրենքի նախագծի չի վերաբերում: Նա հարց ուղղեց ընդդիմությանը՝ խնդիրը արագաչափ չդնե՞լն է, թե՞ խախտում չանելը: Ըստ նախարարի՝ եթե տուգանքները բարձր են, ապա կարող են նստել, քննարկել, բայց մարդը չի կարող  խախտում անել, բայց չտուգանվել:

 

«Տեսականորեն ենթադրենք` Երևանի քաղաքապետը սխալ է արել, հետո ի՞նչ ենք անելու, ո՞րն է հաջորդ քայլը: Ասում եք, թե կառավարությունը վախենում է, չի լսում Ազգային ժողովին… Ժողովո'ւրդ ջան, ԱԺ-ն և կառավարությունը բաղկացած են նույն քաղաքական մեծամասնությունից: Իսկ ձեզանից բացարձակ վախեցող չկա, մոռացեք էդ տոնը»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմությունը ուներ հարցադրումներ, ապա կարող էր դիմել կառավարությանը և ստանար հարցերի պատասխանները, այլ ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ աներ:

 

«Միգուցե հնարավոր էր ավելի լավ բանակցել՝ ավելի լավ պայմաններով, բայց ԱԺ խնդիրը չէ այդ հարցը քննարկելը: Դա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է: Ոչ էլ կառավարության խնդիրն է այդ հարցերին պատասխան տալը»,- ասաց նախարարը: