կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 16:40
Առանց Կատեգորիա

Լեռնային Ղարաբաղը Ղրիմ չէ

Լեռնային Ղարաբաղը Ղրիմ չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կարծես, չի հաջողվել Հաագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան հերթական գրառման մեջ ընդամենը նշում է, որ «դրական հանդիպումներ են եղել» արտգործնախարարների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ նրանք Նալբանդյանի և Մամեդյարովի հետ հանդիպել են առանձին-առանձին: Դա բացարձակապես չի համապատասխանում Ուորլիքի այն հուսադրող նկատառմանը, թե` «աշխատում ենք միասին, տևական խաղաղությունը հնարավոր է»: Եթե նման լավատեսությունը հիմքեր ունենային, ապա Հաագայում ոչ միայն արտգործնախարարների, այլ նաև նախագահների մակարդակով հանդիպում պետք է կայանար, որի հնարավորության մասին, սակայն, որևէ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:

 

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հաագայում է` մասնակցելու մարտի 24-25-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այնտեղ է գտնվում նաև Ադրբեջանի նախագահը: Չի բացառվում, որ համանախագահները կփորձեն այս երկու օրերի ընթացքում հասնել նրանց հանդիպմանը: Սակայն դա ձևական բնույթ կկրի` ընդամենը բավարարելու համանախագահող երկրների ցանկությունը: Նախորդ տարվա կեսերից ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի նախաձեռնողական մաքոքային դիվանագիտության արդյունքում ակտիվացած ԼՂ բանակցային գործընթացն ակնհայտորեն կրկին մտել է փակուղի: Դրա մասին է խոսում նախ այն հանգամանքը, որ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին խոսեց առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու` խաղաղության մեծ պայմանագրի մշակմանն անցնելու անհրաժեշտության մասին: Բացի դրանից` նախորդ շաբաթ այդ երկրի նախագահ Իլհամ ԱԼիևը, անդրադառանալով Ղրիմը իրեն միացնելու` Ռուսաստանի քաղաքականությանը, հայտարարեց, թե դա արդարացնում է հակամարտությունների ուժային լուծման եղանակը:

 

Չնայած թե' ՄԽ համանախագահների, թե', առհասարակ, միջազգային հանրության համար արդեն իսկ հասկանալի է, որ Մադրիդյան գործընթացը փաստացի ձախողվել է, սակայն այս պահին համակողմանիորեն ընդունելի է համարվում ներկայիս ստատուս քվոյի պահպանումը: Այն ձեռնտու է հակամարտության կարգավորման մեջ այս կամ այն չափով ներգրավված բոլոր կողմերին, բացառությամբ, թերևս, Ադրբեջանի, որը դրան փորձում է հակադրվել` ակտիվորեն սպառազինվելով և պատերազմի վերսկսման թեմատիկան տարբեր տեխնոլոգիաներով թեժ պահելով:

 

ԼՂՀ-ի` դե ֆակտո անկախ, դե յուրե Ադրբեջանի կազմում կարգավիճակը ներկայումս տարածաշրջանում հարաբերական խաղաղությունը պահպանելու լավագույն ձևաչափն է համարվում, որովհետև մեծ հաշվով այս ընթացքում ԼՂ հիմնահարցով զբաղվելու ժամանակ և ռեսուրս պարզապես չկա: Ո'չ Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ո'չ էլ Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի ֆոնին նոր հակամարտության օջախ ունենալ չեն ցանկանում: Նրանցից յուրաքանչյուրը հրաշալի հասկանում է, որ դա հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների` դառնալով արդեն ոչ թե զուտ լոկալ` ԼՂ հիմնահարցի կարգավորման, այլև գլոբալ` Հարավային Կովկասի համար մղվող դիվանագիտական պատերազմի թատերաբեմի և մեծացնելու է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական բախման, առնվազն էսկալացիայի հավանականությունը:

 

Ստեղծված այս իրավիճակը առաջին հերթին կաշկանդում է Բաքվին` ստիպելով չափից ավելի զգուշավորություն ցուցաբերել: Պատճառն այն է, որ Ադրբեջանում չեն կարող հաշվարկել, թե, պահն օգտագործելով, ռազմական գործողությունների սանձազերծմանն ինչպես կարձագանքի առաջին հերթին Մոսկվան: ԼՂ հարցը ժամանակավորապես սառեցնելու` միջազգային հանրության ընդհանուր մոտեցումը բխում է Հայաստանի շահերից ոչ միայն այն պատճառով, որ նվազեցնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը, այլև որովհետև թույլ է տալիս այն զերծ պահել Ղրիմը փաստացի անեքսիայի ենթարկելու քաղաքական ազդեցությունից և հետևանքներից` ընդգծելով ԼՂ հիմնահարցի յուրահատկությունը: Այս իմաստով խիստ կարևոր էր ոչ թե Ռուսաստանին Ղրիմի կցման նկատմամբ Երևանի կողմից դիրքորոշում հայտնելը, այլ ղրիմցիների ինքնորոշման իրավունքի, որը տեղի ունեցավ փաստացի Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի մակարդակով: Ընդ որում` ոչ թե բացարձակ իմաստով, այլ ՄԱԿ-ի կանոնադրության համատեքստում, որտեղ ազգերի ինքնորոշման և պետության տարածքային ամբողջականության պաշտպանման սկզբունքները համադրվում, զուգահեռվում են: Դա էր, թերևս, պատճառը, որ, անկախ Ուկրաինայի չափազանց զգացմունքային և ոչ ադեկվատ արձագանքից, միջազգային հանրությունն, ըստ էության, ըմբռնումով մոտեցավ պաշտոնական Երևանի տեսակետին:

 

Պետք է նկատի ունենալ, որ Մաքսային միության շրջանակում, ըստ էության, միայն Հայաստանն է, որ առայժմ բուն Ռուսաստանին Ղրիմի կցման փաստին որևէ կերպ չի անդրադարձել և գնահատական չի տվել: Ողջ հարցն այն է, թե այդ զսպվածությունը Երեւանը որքա՞ն կարող է պահպանել և կկարողանա՞ արդյոք, թե՞ ոչ:

 

Ուկրաինական և Ղրիմի շուրջ իրադարձությունների ֆոնին ինքնորոշման իրավունքի շեշտումը էական է մեկ այլ տեսանկյունից ևս: Ղրիմի հարցում միջազգային հանրության հիմնական փաստակն այն է, որ հանրաքվեն տեղի չի ուենցել Կիևի համաձայնությամբ և չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը: Դրանով փաստացի ընդգծվում է մետրոպոլիայի կարծիքին առաջնայնություն տալու հանգամանքը: Մի գործոն, որով առանձնանում են ներկայումս աշխարհում ընթացող ինքնորոշման պրոցեսները` Վենետիկում, Շոտլանդիայում, Կատալոնիայում: Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ այս ընկալումը ձևավորվի նաև ԼՂ հարցում` հաշվի առնելով հանգամանքը, որ միջազգային հանրությունը, համենայն դեպս` օրակարգ ձևավորող պետությւունների ու տերությունների ճնշող մեծամասնությունը, հայտարարել են ԼՂ-ով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Այս պարագայում հայկական կողմն ուղղակի պարտավոր է ընդգծել թե' ԼՂ հիմնահարցի առանձնահատկությունը և թե' ինքնորոշման` որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք լինելու հանգամանքը` շեշտելով 1991թ. ԼՂ-ում իրականացված հանրաքվեի օրինականությունը: Իսկ հիմնախնդրի գլխավոր առանձնահատկությունը, որի վրա Հայաստանը պետք է կատարի հիմնական խաղադրույքը, այն ընկալման ձևավորումն է, որ Հայաստանը չի փորձում գնալ ԼՂ-ն իրեն կցելու ճանապարհով, այլ նախապատվությունը տրվում է բանակցություններին և փոխզիջումներին: ԼՂ-ի և Ղրիմի հիմնահարցերն իրականում պետք է տարբերակել հենց այս տեսանկյունից:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ