կարևոր
2980 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-28 16:56
Քաղաքական

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին դիտարկումներին։

«Ես անկեղծ ասած այդ ելույթի մեջ տեսել եմ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ, բայց պետք է հստակ ընդգծեմ մի կարեւոր հանգամանք, որ Հայաստանի կառավարիչը խոստովանեց՝ ինքը ԼՂ–ն զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ–որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ, ո՞ր երկրի եւ ում մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի մասին։ Գուցե այն երկրի՞ մասին, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել, ինչը նա ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Նա ճիշտ է, որ ինքը գիտակցաբար է զոհել Արցախը»,- ընդգծեց երրորդ նախագահը։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ ԼՂ–ն որեւէ փաթեթով չէր ենթադրվում կարգավորել, և որ 2016-ից հետո արդեն իսկ պետականության լուծարման խնդիրը դրված էր, Սերժ Սարգսյանը հերքեց. «Նա ստում է, նա պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը, թող նա ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել և թող ասի՝ այ սրանով փակվել է ԼՂ խնդիրը։ Գոյություն ունեն փաստաթղթեր, ըստ որոնց, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամաարտահայտությամբ։ Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք փաստաթղթերով»։

Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ «Նրա խորհրդականը հղում է արել բոլորովին այլ փաստաթղթի վրա, որը որեւէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։ Կարծում եմ՝ բոլոր պարագաներում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում եւ կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդը, նույնիսկ եթե նա Հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ Հանրապետությունը, չի կարող այդպիսի բան լիներ, այդպիսի նախադեպեր չեն եղել եւ չեն կարող լինել» ,-հավելեց նա։

Մանրամսն՝ տեսնյութում