կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 16:15
Առանց Կատեգորիա

Երևանն ու Մոսկվան մուկնուկատու են խաղում

Երևանն ու Մոսկվան մուկնուկատու են խաղում

Երեկ` օրվա երկրորդ կեսին, հայտնի դարձավ, որ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն է զետեղվել թե' ՀՀ և թե' ՌԴ նախագահների պաշտոնական կայքերում:

 

Հետաքրքրականն այն է, սակայն, որ դրանց բովանդակությունները, միմյանցից զգալիորեն տարբերվում են: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում չափազանց սուղ տեղեկատվություն է հաղորդվում ընդամենը հեռախոսազրույցի կայացման փաստի վերաբերյալ, նշվում է միայն, որ նախագահները մտքեր են փոխանակել «ՌԴ-ին Ղրիմի Հանրապետության և Սեւաստոպոլի միանալու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ռուս-հայկական համագործակցությանը և Մաքսային միությանը Հայաստանի միանալուն վերաբերող պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հրատապ հարցեր»: Մինչդեռ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում` այդ հեռախոսազրույցին վերաբերող հաղորդագրության մեջ, տեղ են գտել ուշագրավ մի քանի մանրամասներ: Մասնավորապես` Ղրիմում կայացած հանրաքվեի կապակցությամբ նշվում է, թե կողմերն արձանագրել են, որ դա «ազատ կամաարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»: Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ «ընդգծվել» է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, հատկապես` ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածության կարևորությունը: Հարց է առաջանում, թե ո՞րն է մի կողմից Կրեմլի` այդ հեռախոսազրույցի բովանդակության հարցում ունեցած ժլատության, մյուս կողմից` Երևանի` նման նուրբ հարցում գուցե ավելորդ թվացող տեղեկատվական թափանցիկության պատճառը: Եթե նկատի ունենանք դիվանագիտական այն բլոկադան, որում հայտնվել է Մոսկվան Ղրիմի հանրաքվեն միջազգայնորեն լեգիտիմացնելու հարցում, առնվազն տարօրինակ է թվում, որ Կրեմլը չի շտապել դրոշակ սարքել այդ հանրաքվեն ճանաչելուն ուղղված` Հայաստանի թեկուզ կիսաքայլը: Իսկ որ դա իսկապես քայլ էր Երևանի կողմից, ցույց է տալիս այն իրողությունը, որ Երևանի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշվում է Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ դիրքորոշման երկկողմ արձանագրման մասին (ինչը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանն կա'մ առնվազն հավանություն է տվել նման մոտեցմանը, կա'մ ինքն է եղել այդպիսի բնորոշման հեղինակը):

 

Սա ցույց է տալիս, որ, այդ հեռախոսազրույցի հետ կապված, ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ, կամ ավելի ճիշտ` Կրեմլի սրտով չի եղել: Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին զանգահարել է, փաստորեն, այն բանից հետո, երբ պարզ դարձավ Ղրիմի հարցի կապակցությամբ Մաքսային միության առանցքային անդամներից մեկի` Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը: Վերջինս կատարելապես պաշտպանում է ռուսական քաղաքականությունը և Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլը, որը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` անխտիր բոլոր անդամ պետությունները, բացառությամբ Ռուսաստանի, որակեցին որպես անեքսիա ուկրաինական տարածքի մի մասի նկատմամբ: Եթե նկատի առնենք, որ Բելառուսը ևս, ըստ էության, առանց աղաղակելու, համերաշխություն է հայտնում Ռուսաստանին այդ հարցում, ապա դրա ընդհանուր ֆոնին անմիջապես աչքի էր զարնելու Հայաստանի զուսպ, ավելի ճիշտ խուսափողական կեցվածքը: Իսկ թե ինչ հետևանքներ է դա թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչ է արժենում Հայաստանի համար, Երևանն իր մաշկի վրա զգացել է այն ժամանակ, երբ, անտեսելով ռուսական շահերը, մեծ արագությամբ սլանում էր դեպի եվրաասոցացում: Այս իմաստով հեռախոսազանգը նախաձեռնելու քայլը կարելի համարել որպես Կրեմլի կողմից անվստահության արժանանալու հերթական «պատժից» խուսափելու միջոց:

 

Բայց, միևնույն ժամանակ, հետաքրքրականն այն է, որ եթե Ղազախստանը հստակ պաշտոնական դիրքորոշում է հայտնում ԱԳՆ-ի մակարդակով, ապա Հայաստանը` միայն նախագահի հեռախոսազանգի, որը, պաշտոնական լինելով հանդերձ, կարգավիճակով շատ ավելի ցածր է: Սա հուշում է այն մասին, որ այդ հեռախոսազանգի իրական նպատակը ոչ թե պաշտոնական հստակ դիրքորոշում հայտնելն է եղել, այլ ավելի շատ այդ դիրքորոշումը հայտնելուց դիվանագիտորեն խուսափելը: Դրա մասին է խոսում մեկ այլ, շատ ավելի էական հանգամանք: Երևանի հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ հստակ չի խոսվում այն մասին, որ նախագահ Սարգսյանն ինչ-որ կոնկրետ հայտարարություն արած լինի կամ` դիրքորոշում արտահայտած: Այնտեղ ընդամենը արտացոլված են կրավորական ձևակերպումներով հասկացություններ երկկողմանիության մասին, որոնցից նույնիսկ չի կարելի հետևություն անել, թե դրանք որքանով են Հայաստանի պաշտոնական տեսակետը, որքանով` ոչ: Եթե սա խորը մտածված և վերլուծված քայլ է, ապա այն միանշանակ պետք է եզակի հաջողված համարել` մի կողմից միջազգային հանրության ավելորդ ուշադրությունը բացասական իմաստով Հայաստանի վրա չսևեռելու, իսկ մյուս կողմից` Կրեմլին «չբարկացնելու» տեսանկյունից:

 

Բայց այդ տակտիկական հաջողությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ, ըստ էության, Մոսկվան է, կարծես, աչք փակում Հայաստանի այս մանևրումների վրա: Դժվար է պատկերացնել, թե Կրեմլում չեն հասկացել, թե իրականում նման տրյուկներով ինչի է ուզում հասնել Երևանը: Հետևաբար` վերջինիս գործողություններից դժգոհ լինելով հանդերձ` Մոսկվան ակնհայտորեն աչք է փակում դրանց նկատմամբ, ինչը կարող է բացատրվել միայն Ղարաբաղյան հակամարտության և ՌԴ-ի` միջնորդ լինելու գործոնով: Եթե Մոսկվան պահանջեր Երևանից անվերապահորեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի օրինականությունը, առավել ևս` միջազգային իրավունքի տեսանկյունից Ուկրաինայի նկատմամբ իրականացված քաղաքականության արդարացվածությունը, ապա ինքն իրեն կաշկանդելու էր ղարաբաղյան կարգավորման հարցում` լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Այդ դեպքում Ռուսաստանը բացատրություն չէր ունենալու, թե ինչո՞ւ կարելի է Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական ճանաչել և ինքնորոշման իրավունքի իրացման հիմք դարձնել, իսկ ԼՂ-ում անցկացվածը` ոչ: Հիմա նման հակասությունների մեջ ընկնելը նրան բացարձակապես պետք չէ` ոչ միայն միջնորդի հարաբերական անկողմնակալության էֆեկտը պահելու, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Այնպես որ` այս հարցում որքան Երևանը խորամանկ գտնվեց, նույնքան էլ` Մոսկվան, թեև սա չի նշանակում, թե, իրավիճակի ու հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված, Կրեմլի ակնկալիքներն ու պահանջները Հայաստանից չեն փոխվելու և կոշտանալու:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ