կարևոր
3268 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 11:47
Քաղաքական

Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները

Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։

«Այս տարածաշրջանը կարելի է բառի բուն իմաստով անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կողմերը կիրականացնեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։

Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։

«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել», - հավելել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:

«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», - ասել է Զախարովան: