կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 11:08
Մշակույթ

Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին»-ի հայաստանյան պրեմիերան` վաղը

Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին»-ի հայաստանյան պրեմիերան` վաղը

Վաղը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ կներկայացնի 2013-2014թթ. համերգաշրջանի ամենակարևոր ծրագրերից մեկը` Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:

 

Սիմֆոնիկ այս ստեղծագործությունը, գրված նվագախմբի և երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է իր բանաստեղծական տեքստով, որին հայ ունկնդիրն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու նաև հայերեն լեզվով. ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ` բանաստեղծական բոլոր վեց մասերը թարգմանվել են Հակոբ Մովսեսի կողմից` հատուկ այս համերգի առթիվ և տպագրված կներկայացվեն ունկնդիրներին:

 

Որպես մենակատարներ` համերգին հանդես կգան Զանդրա Մքմաստերը (մեցցո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) և Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան):

 

Անվանի մեցցո սոպրանո Զանդրա Մքմաստերը երաժշտական կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի Trinity College երաժշտական բարձրագույն դպրոցում և Լոնդոնի օպերային կենտրոնում: Համերգներով հանդես է Բեռլինի սիմֆոնիկ, Լիոնի ազգային, Նորվեգիայի ռադիո սիմֆոնիկ և միջազգային կարևորություն ունեցող բազմաթիվ այլ նվագախմբերի հետ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: 

 

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը հայ օպերային արվեստի ամենահեռանկարային երգիչներից է: Սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում: Հանդես է եկել «Վիվա Վերդի» փառատոնում, Լոնդոնի «Հայաստանի պատանի տաղանդներ» համերգաշարում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային փառատոնում: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, Բելգիայում, Անգլիայում: Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է: Լիպարիտ Ավետիսյանը երջանկահիշատակ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի սանն է: Մարտի 21-ի ելույթը Լիպարիտը նվիրում է ուսուցչի հիշատակին: