Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել կառավարության կողմից ներկայացված` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման համար Սևանա լճից բացթողնվող ջրի տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ: Խնդրի մի կողմում Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը լուծելն է, իսկ մյուս կողմում՝ Սևանա լճի ջրի չափաքանակի փոփոխությունը, որն իր հերթին կհանգեցնի որոշ էկոլոգիական ռիսկերի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, թե ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, և արդյունքում հանգել են ոռոգման ջրերի հետ կապված խնդրին:
Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ կառավարությունն արել է առավելագույնը ոլորտին աջակցելու նպատակով, ներդրումային ծրագրերը ընթացքի մեջ են, իսկ ձկնաբուծությանն ուղղված ծրագրերի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Սևանը ստիպված պետք է լինի «օգնել» ոռոգման համակարգերին:
Նա նաև նշեց, որ Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախատեսվածից ավելի, խմելու ջրի պաշարը դեռևս Սևանից չեն վերցնում և դեռ երկար ժամանակ չեն էլ վերցնի, որովհետև Հայոց լեռնաշխարհը հոգում է խմելու ջրի պաշարները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը բարձրաձայնեց իր մտահոգությունը. «Սևանա լիճը ադամանդ չէ թագի վրա, որ նայենք, հիանանք, ուստի երբ պետք է, ժողովուրդը պետք է օգտվի դրանից: Ծանր վիճակում Սևանա լիճը կերակրեց ժողովրդին ձկով, բայց հետագա տարիներին ժողովուրդը հետ չվերադարձրեց Սևանին այդ ձուկը, հիմա ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի` ջրի հետ կապված»:
Անդրանիկ Անդրեասյանը կարծիք հայտնեց, որ չկա այնպիսի հայ մարդ, որը էմոցիոնալ ձևով չընկալի Սևանը, բայց վերջին տարիներին Սևանի ջրի դինամիկան գրանցել է նախատեսվածից ավելի աճ, ուստի նախատեսված ջուր բաց թողելը շատ քիչ մաս է կազմում: «Սևանը պետք է աջակցի մեր ոռոգման համակարգին, հակառակ դեպքում` ոռոգման ջուրը կթանկանա, կամ էլ լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջանա կառավարության համար»,- ասաց նա: