կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 13:37
Իրավական

Ծեծել են Վոլոդյա Ավետիսյանի ընկերոջն ու կոտրել խանութի ապակիները. ազատամարտիկները` ԱԱԾ-ի հետապնդումների մասին

Ծեծել են Վոլոդյա Ավետիսյանի ընկերոջն ու կոտրել խանութի ապակիները. ազատամարտիկները` ԱԱԾ-ի հետապնդումների մասին

Օրեր առաջ անհայտ անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ջոկատի անդամ, Վարդենիսի բնակիչ Արամայիս Չավիշյանին և կոտրել նրան պատկանող խանութի պատուհանները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նրա խոսքով` Չավիշյանն այդ մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին, որտեղ մերժել են քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության հիմքով, և ազատամարտիկին խորհուրդ են տվել Վոլոդյա Ավետիսյանին վերաբերող ակցիաներին չմասնակցել:

 

Սարուխանյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանին սատարող ազատամարտիկների նկատմամբ հետապնդումները սկսվել են «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի` մարտի 11-ին կազմակերպած հանրահավաքից հետո: Սարուխանյանի խոսքով` ԱԱԾ-ի աշխատակիցներն այցելում են տղաներին և զգուշացնում` չմասնակցել Ավետիսյանի հետ կապված ակցիաներին:

 

Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանն այսօր հայտարարեց, որ հանրահավաքից հետո իրենց տուն է այցելել թաղի տեսուչը և տնեցիներից իր հեռախոսահամարն ու անձնագիրը պահանջել` չպատճառաբանելով` ինչու:

 

Վարդանաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկներ Գևորգ Սարուխանյանը (Փոքր Ջոն) և Ստեփան Ստեփանյանն (Ռեմբո ) էլ հայտնեցին, որ իրենց փորձում են ճնշել գյուղապետի միջոցով` հորդորելով հեռու մնալ նմանատիպ ակցիաներից: Գագիկ Սարուխանյանի խոսքով` կարողացել են նման այցելությունների միջոցով ազատամարտիկների շրջանում վախի մթնոլորտ ստեղծել:

 

Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արած այն հայտարարությանը, թե Վոլոդյա Ավետիսյանը պայմանավորվածություն է խախտել, Սարուխանյանը նշեց, որ հիասթափված է նախարարի հայտարարությունից: «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարի և Ավետիսյանի միջև, եղել է ընդամենը ցույցերը դադարեցնելու հրահանգ»,- ասաց նա:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: