Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի համար իրատեսական են ընդդիմության միավորման ամենատարբեր սցենարները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անգամ ողջունելի է ամերիկյան քաղաքական դաշտի դասական մոդելը` երկբևեռ կուսակցական համակարգով:
«Ցավոք, Հայաստանում քաղաքական թատերաբեմն այնպիսին է, որ կուսակցությունների թիվը շատ է: Բայց կամաց-կամաց ձևավորվում է այն սկզբունքը, որ ընտրությունների ժամանակ ավելի ու ավելի քիչ թվով կուսակցություններ են մասնակցում ու հավակնում անցնելու 5 տոկոսանոց շեմը: Ինչևէ, որքան ուժեղ է ընդդիմությունը, այնքան ուժեղ է իշխանությունը, դա ապացուցված աքսիոմ է»,- ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ իշխանական լծակներին տիրապետելը ինքնանպատակ չէ, խնդիրն այն է, թե ինչպես ես իրականացնում ծրագրերը:
Նա հիշեցնում է այն քաղաքական ուժերին, որոնք հիմա պայքարում են իշխանափոխության համար, որ անցյալում եղել է կոալիցիոն կառավարություն` հենց այդ ուժերի մասնակցությամբ: ՀՀԿ-ական պատգամավորը համարում է, որ ընդդիմությունն ունի մեկ տարբերակ, այն է`հաջորդ ընտրությունների ժամանակ մասնակցել մեկ միասնական ընտրական ցուցակով: Այդ դեպքում միայն լուրջ հակակշիռ կներկայացնեն իշխանությանը, սակայն, ծանոթ լինելով քաղաքական դաշտին, դժվար թե միասնական ցուցակով գնան:
«Ես, օրինակ, համոզված եմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով չի գնա: Իրենք չեն կարողանում միավորվել: Օրինակ` միավորվելու դեպքում համամասնությունները ո՞նց են ընտրելու` 2 բարգավաճ, մի դաշնակցական, մի ՀԱ՞Կ, կամ ո՞վ է գլխավորելու ցուցակը»,- հարց է տալիս պատգամավորը:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ի՞նչ քաղաքականություն կվարեր ինքը, եթե գլխավորեր կառավարությունը, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ես ֆանտաստիկայի ժանրի հարցերին չեմ պատասխանում»:
Մեր հարցին` այնուամենայնիվ, եթե լիներ վարչապետի խորհրդական, ի՞նչ խորհուրդներ կտար վարչապետին` երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար, պատգամավորը պատասխանեց, որ այսօրվա` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համահունչ է վարչապետի խորհրդականի պաշտոնին:
«Ես չեմ գտնում, որ կառավարությունը ուշադիր չէ խնդիրների նկատմամբ պարզապես արագության տեսակետից կան խնդիրներ»,- ասաց Վարդան Այվազյանը` շեշտելով, որ լրագրողները հարցեր տալիս, պետք է նկատի ունենան, որ կա «քաղաքական թիմ» հասկացությունը:
Մեր այն հարցին` ուրեմն «քաղաքական թիմ»-ի շահերն ավելի բա՞րձր են, քան ժողովրդի շահը, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Քաղաքականությունը տվյալ իրավիճակում հնարավորությունների արվեստն է: Չեմ գտնում, թե քաղաքական թիմի շահը ժողովրդի շահի հետ հակադրման մեջ է»: