|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմում կաշխատեն 4 խմբեր` ըստ բնագավառների, և որպեսզի բոլորն ամեն ինչով չզբաղվեն, դրվել է աշխատանքի բաժանման խնդիր` նախագահ, տեղակալ և այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է քննարկվել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջին դռնփակ նիստում: Նա նշեց, որ հաջորդ նիստը լինելու է մեկ օր հետո:
«Կարծում եմ` ինչ-որ բանի կհասնենք, քանի որ բոլորի մոտ կա տրամադրվածություն` ճշմարտության հասնել այս հարցում: Վերջ ի վերջո, կան այնքան ակնհայտ բաներ, որ որքան էլ փորձես թաքցնել, չի ստացվի»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ դրված խնդիրները շատ հստակ են` կա գազի բարձր գին, կա կուտակված պարտք և այլ ապօրինություններ, որոնք բացահայտելը հեշտ է: Պատգամավորի համոզմամբ` կուտակված խնդիրները պետք է բացահայտվեն, այլապես անիմաստ է դառնում այդ հանձնաժողովի աշխատանքը:
Մեր հարցին` հնարավո՞ր է հանձնաժողովի բացահայտումների արդյունքում լինեն պատժվողներ, պատգամավորը պատասխանեց, որ առայժմ դրա մասին չի կարող ասել, որովհետև այս պահին իր անձնական մոտիվացիան ոչ թե պատժելն է, այլ բացահայտելը:
Ինչ վերաբերում է գազի հարցով իրավիճակի փոփոխությանը, Արամ Մանուկյանը նշեց. «Ես էս պահին չեմ դրել խնդիր, որ գազի գինը կէժանանա, նույնիսկ կարող եմ ասել, որ ես էդքան ուժեղ չեմ, բայց բացահայտել ու հիմնավորել գազի ոչ տրամաբանական գինը, ես կարող եմ»:
Yerkir.am-ի հարցին` ի՞նչ է շահելու քաղաքացին հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, եթե գազի գինը չի իջնելու ու չեն լինելու պատժվողներ, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ նախ պետք է պարզել` արդա՞ր է հաշվարկված գազի գինը, թե՞ ոչ, ապա նոր միայն կարելի է ներկայացնել առաջարկներ` ասելով` տեղի է ունեցել հանցագործություն, կամ`ոչ:
«Այս հանձնաժողովը դատախազական գործառույթներ չունի, բայց այն ճշմարտությունը, որը կարող է բացահայտել այս հանձնաժողովը, կարող է հետաքրքրել դատախազությանը, իրավապահ մարմիններին և այլն: Բացահայտենք այդ գաղտնիքները, տեսնենք` ինչ կա, որից հետո կլինի կա'մ այս կողմ, կա'մ այն կողմ»,- ասաց պատգամավորը: