Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մայիսի 21-31-ը պատրաստվում են անցկացնել առաջնամագլցման միջազգային փառատոնի թվով երկրորդ միջոցառումը: Երբ մագլցողները միտումնավոր ընտրում են ժայռի այն հատվածը, որտեղով նախկինում որևէ մեկը չի մագլցել, ընդունված է համարել, որ նա զբաղվում է հենց առաջնամագլցմամբ:
Ըստ Up The Rocks ակումբի հիմնադիր և ժայռամագլցման մասնագետ Մխիթար Մխիթարյանի՝ մագլցողները զբոսաշրջիկների այն տեսակն են, ովքեր նախընտրում են սեփական հայեցողությամբ, այլ ոչ տուրօպերատորների առաջարկած փաթեթների միջոցով առաջնորդվել:
«Եթե դիտեք միջազգային տուրիստական ցուցահանդեսները, կտեսնեք, որ ոչ մեկը այս խմբի համար նախատեսված հատուկ պրոդուկտ չունի: Այս խմբի զբոսաշրջիկները պետք է տեսնեն տեղանքի նկարները, ունենան ուղին և իրենց ուժերով հասնեն տեղ: Նրանք նախընտրում են հյուրատներն և իջևանատները, քան թե հյուրանոցները»,- նշում է մասնագետը:
Փառատոնը, որի կազմակերպիչներն են Up The Rocks-ը և «Սպիտակ» փրկարարական կենտրոնը, նպատակ ունի խրախուսել առողջ ապրելակերպը, և Հայաստանը որպես մագլցման համար գրավիչ երկիր ներկայացնել աշխարհին: Ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարի նկատվում է մասնակցել ցանկացողների աճ:
Մագլցողներից 4-ը Հայաստանից են, 16-ը` օտարազգիներ, որոնք կժամանեն ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Իրանից: Սպասվում է, որ փառատոնով կհետաքրքրվեն բազմաթիվ հանդիսատեսներ, որոնք անտարբեր չեն մնա Հայաստանում այս աննախադեպ երևույթի նկատմամբ: «Կապիտալի» այն հարցին, թե Հայաստանը կոնկրետ ինչ տեղանքներով է պատրաստվում զարմացնել ժայռամագլցմամբ զբաղվող արտասահմանցի հյուրերին, և այդ առումով որ երկրի հետ նմանության և մրցակցության մեջ կլինի, ակումբի հիմնադիրը պատասխանեց, որ գրավիչ են համարվում հատկապես Գառնիի «Քարերի սիմֆոնիան» և Արփա գետի հովիտը:
«Նմանատիպ գոյացություններ կան նաև Իռլանդիայում, որը, սակայն, մագլցման առումով լայն հետաքրքրությունը չի ներկայացնում»,- նշում է մասնագետը:
Մխիթար Մխիթարյանի խոսքով՝ ժայռամագլցումը ոչ էժան սպորտաձև է համարվում, դրա համար անհրաժեշտ պարագաների համար ծախսվում են 300-ից մինչև 2000 դոլար` կախված նրանից՝ մագլցումը սպորտային է, թե ավանդական: Դրա համար էլ զբաղվողները հաճախ նախընտրում են վարձակալության տարբերակը:
Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում մասնակիցները կմագլցեն Գառնիի բազալտե սյուներով, Նորավանքի կրաքարային ժայռերով և Արփայի կիրճերով: