կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 14:04
Տնտեսական

Ո՞ւմ ա հետաքրքրել, որ չենք ասել. նախարարը` գազի գնի մասին

Ո՞ւմ ա հետաքրքրել, որ չենք ասել. նախարարը` գազի գնի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ-ում ընթացող` գազի գնի վերաբերյալ լսումների ժամանակ հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Նա նշեց, որ ԱԺ-ին չի ներկայացվել խնդիրը, որովհետև կառավարությունը թաքցնելու բան է ունեցել:

 

«Հիմա դուք ԱԺ-ին եք ներկայացնում մի հարց, որից, փաստորեն, ԱԺ-ն տեղյակ չէ: Եթե շուտ ներկայացնեիք, միգուցե ԱԺ-ն կարող էր ճիշտ լուծումներ առաջարկել, կար նաև իրանական այլընտրանք, և հետո` այդ գինը արդյո՞ք բարձրացվել է գազի որակի հաշվին»,- հարցրեց պատգամավորը:

 

«Այո, կառավարությունը համառորեն չէր ուզում բարձրացնել գազի գինը, և համառորեն աշխատում էին, որ պարտք չառաջանա: Եթե խնդիրը դնեինք 2010-2013թթ. համար, միգուցե հնարավոր կլիներ պարտքից խուսափել, բայց, ութ տարվա կտրվածքով բանակցելով, առաջացավ այդ պարտքը: Կարևոր էր առաջիկա հինգ տարիների համար ունենալ կանխատեսելի գին»,- ասաց նախարարը:

 

Ինչ վերաբերում է Իրանից գազ գնելուն, նախարարը նշեց, որ, 2010-ից սկսած, Հայաստանն անընդհատ բանակցել է իրանական կողմի հետ : 2011-2012թթ. նախարարը հինգ անգամ հանդիպել է Իրանի նախարարների հետ` հույսով, որ հնարավոր կլինի գազ ներկրել Իրանից, բայց դա հնարավոր չեղավ: Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ, նախարարը բացատրեց, որ Իրանում մի սկզբունք է գործում, որ չեն կարող տարբեր սկզբունքներ կիրառել հարևանների համար, որովհետև դա կխաթարի Իրանի հեղինակությունը, ուստի բոլոր երկրների համար պետք է հաշվարկվեր գնագոյացման նույն սկզբունքը: «Իրանը առաջարկում էր գազի գին, որը 400 դոլարից բարձր էր, ալտերնատիվ այլ ճանապարհ չկար, իսկ մեր հնարավորությունները այդքան մեծ չէին, ահա, թե ինչու մենք ընտրեցինք այս ճանապարհը»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց, որ ԱԺ-ից ոչինչ գաղտնի չի պահվել: «Ո՞ւմ ա հետաքրքրել, որ չենք ասել»,- հարցրեց նախարարը, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ես եմ հարցրել, լսումների ժամանակ»:

 

Ինչ վերաբերում է գազի որակին, նախարարը նշեց, որ շուտով ձեռք կբերեն գազի կալորիականությունը ստուգող սարքեր, ռուսական կողմի հետ պայմանավորվել են, որ, կալորիականությունից կախված, գազի գինը չի փոփոխվելու: