կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-11 12:55
Արցախ

Պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետաքրքրել չի կարող

Պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետաքրքրել չի կարող

«Երբեմն ստիպված ենք լինում արդի կյանքի հետ ոտք մեկնել, ճիշտ է` քարացած օրենքին գուցե հակառակ ենք գնում, բայց կյանքի պահանջին ստիպված ենք ընդառաջ գնալ: Եվ պետք չէ կրքեր բորբոքել, պետք է համակողմանի մոտենալ այդ հարցերին»,- անդրադառնալով Գանձասարի պարսպի սալիկապատման շուրջ բարձրացված աղմուկին` Արցախ այցեած լրագրողներին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ըստ նրա` սալիկապատման գաղափարը գործարար Լեւոն Հայրապետյանինն է, որի առաջարկին համաձայնելով, Պարգեւ սրբազանը դիմել է Արցախի հուշարձանների վարչությանը, սակայն բացասական պատասխան է ստացել: Մինչ այդ արդեն մեկնարկած աշխատանքները դադարեցվել են, սակայն օրեր առաջ վերսկսվել են` մինչեւ Արցախի անկախության 20-ամյակը` սեպտեմբերի 2-ը ավարտելու նպատակով:

«Ոմանք ասում են` Հասան Ջալալյան իշխանը 13-րդ դարում պարսպապատեց տարածքը: Ոչ, ես վստահ եմ, որ այդ պարիսպները եղել են 7-10-րդ դդ., որովհետեւ մեծ վանք է եղել Գանձասարը, եւ պարտադիր պետք է պարիսպ ունենար»,- ասաց Պարգեւ սրբազանը` ավելացնելով, սակայն, որ դրանից հետո պարիսպը բազմիցս հիմնովին քանդվել է ու վերակառուցվել, իսկ ներկայիս պարսպի 90-95 տոկոսը ցեմենտից է: 

«Մենք նկարներ ունենք` մասամբ քանդված, կիսով խոնարհված, լրիվ քանդված, բայց ամեն անգամ այն վերանորոգվել  է: Ես ստիպված եմ եղել կղմինդրով ծածկել պարիսպը, թեեւ ճարտարապետական տեսանկյումից ասում են` սխալ է: Պետք էր կավով, ցեխով ծածկել, բայց կավով ծածկված պարիսպը չի փրկվի: Մենք ստիպված եղանք կանոններին մի քիչ հակառակ, բայց կղմինդրով ծածկել, որպեսզի 5 տարին մեկ չնորոգենք, որովհետեւ անընդհատ քանդվում է պարիսպը: Բայց այն պետք է պահպանել, իսկ մենք  ո'չ այդքանժամանակ ունենք, ո'չ էլ միջոցներ»,- նշեց սրբազանը:

Նրա խոսքերով` անզեն աչքով էլ երեւում է, որ ներկայիս պարիսպը 1.5 մետր ծռություն ունի, խոտեր են աճում պարսպին եւ վերանորոգման կարիք կա. «Որպեսզի վանքը կարողանա նորմալ մի քանի տասնյակ տարիներ պահպանել, պետք է երեսապատել: Իսկ 90 տոկոսով  ցեխ ու ցեմենտից կառուցված պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետաքրքրել չի կարող, նրան կհետաքրքրի միայն 13-րդ դարում կառուցված տաճարը»,- համոզված է Պարգեւ սրբազանը:

Նա հիշեցրեց, որ Վազգեն Ա կաթողիկոսն էլ վերանորոգել է Էջմիածնի` ցեխից պարիսպը` փոխարենը քարե պարիսպ կառուցելով: Նույնն արվել է  Սբ Հռիփսիմե վանքում, Գեղարդավանքում, Խոր Վիրապում եւ այլ տեղերում: