կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 10:40
Տարածաշրջան

Ես այդ մարդուն դադարում եմ վարչապետ անվանել, Էրդողանի կյանքը ստի վրա է հիմնված. Քըլըչդարօղլու

Ես այդ մարդուն դադարում եմ վարչապետ անվանել, Էրդողանի կյանքը ստի վրա է հիմնված. Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հյուրընկալվել է CNNTürk-ին:

 

Ըստ Hurriyet-ի`Քըլըչդարօղլուն պնդել է, որ ի՞նչ գիտեն, թե պետական բոլոր գաղտնիքները ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին չեն փոխանցվել:

 

«Մենք ձայնագրությունների մասին նախօրոք ոչ մի տեղեկություն չենք ստանում: Վարչապետի` որդու հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը լսելուց հետո ես այդ մարդուն դադարում եմ վարչապետ անվանել: Ինձ համար հենց նա է գլխավոր հանցավորը: Նրա քվեները արդար չեն: Ասում են` ձայնագրությունը մոնտաժ է: Լսելուց  հետո անմիջապես ժողով գումարեցինք: Մի երկրի վարչապետը, եթե այս օրն է ընկել… Խոսեցինք մասնագետների հետ, որոշ մարդկանց դիմեցինք, ստուգեցին և ապացուցեցին, որ դա 100 տոկոս ճշմարտություն է, մոնտաժ չէ: Ստուգել ենք նաև գաղտնիությունն ապահովող հեռախոսները: Պետությունն այդ հեռախոսները պետական հարցերը լուծելու համար է հատկացրել, ոչ թե որդուդ ու աղջկադ հետ զրուցելու: Ամբողջ կյանքը ստի վրա է հիմնել: Կյանքում այսքան ստախոս մեկ այլ քաղաքական գործչի չեմ հանդիպել»,- ասել է Քըլըչդարօղլուն:

 

Նշենք, որ Էրդողանն այս ձայնագրությունների պատրաստման մեջ մեղադրում է ընդդիմադիր կուսակցության ղեկավարներին` պնդելով, որ դրանով փորձում են խաթարել երկրում իր ձեռք բերած հեղինակությունը: