կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 15:56
Սպորտ

Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 10-ին  Բյուրեղավանի «Քեթրին» մարզակումբում  մեկնարկեց սուսերամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Առաջնության բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը, նախարարության բարձրագույն սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, բաժնի պետ Սամսոն Հակոբյանը, գլխավոր մասնագետ Թաթուլ Հովհաննիսյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը. տեղեկացնում է msy.am-ը:


Մինչ առաջնության մեկնարկը` հանդիսավոր բացման մաս  կազմեց  պարգևատրման արարողությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն արժանացավ  Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի մարզիչ Նորիկ Հովսեփյանը, իսկ սպորտի վարպետի  կոչման՝ Էմիլ Դանիելյանն ու  Էմմա Պողոսովան:


Մրցաշարի առաջին օրը մարտուղյակ  դուրս եկան խոցասուսերակիրները: Աղջիկների պայքարում,  բոլորից հաջող հանդես եկավ և չեմպիոնի կոչմանն արժանացավ, միջազգային մրցաշարերի մասնակից և հաղթող «Քեթրին» ակումբի սան Էմմա  ՊողոսովանՆա եզրափակիչում առավելության հասավ «Հայաստան» մարզական միության` Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Լիլիթ Էվոյանի նկատմամբ: Երրորդ տեղերը զբաղեցրին «Քեթրին» ակումբի սաներ Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը:

 

Տղաների եզրափակիչում մրցեցին Արաբկիրի «Ալբերտ Գրիգորյան» սուսերամարտի մարզադպրոցի սան Մանվել Հովհաննիսյանն ու  «Հայաստան» մարզական միության` Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը: Չեմպիոնական պայքարում ավելի հաջող հանդես եկավ Մանվել  Հովհաննիսյանը, ով էլ  հռչակվեց Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն:

 

Բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Քոչարյանը (ՀՀՄ-Նորագավիթ)  և Արման Գրիգորյանը (Արաբկիրի  Ա. Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):

 

Այսօր պայքարը կծավալվի ճկասուսերակիրների միջև: