Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում հիմնական զեկուցող` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ուղղված` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցը վերաբերում էր սուպերմարկետների տարածմանը և դրա պատճառով միջին բիզնեսի անկմանը:
Արտակ Շաբոյանի խոսքով՝ մի կողմից հարմարավետ են խոշոր խանութները, որովհետև առավել մաքուր են, հարուստ տեսականի ունեն, հետևաբար՝ ավելի հարմարավետ է առևտուր անելը, սակայն, մյուս կողմից, կա վտանգ, որ խոշոր սուպերմարկետները կարող են ոչ մրցակցային պայմաններ թելադրել՝ առավելություններ ստեղծելով փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ: «Սուպերմարկետների տարածումը համարում ենք օբյեկտիվ երևույթ, բայց կա նաև վտանգ, որ խոշոր խանութները կարող են իրենց ոչ մրցակցային պայմանները թելադրել: Ուստի, այս խնդրի հետ կապված, անհրաժեշտություն կա լրամշակելու մեր օրենսդրությունը, որ ավելի շատ կարողանանք վերահսկել խոշոր խանութներին, որ նրանք չկարողանան նման պայմաններ թելադրել միջին ու փոքր բիզնեսին»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ այդ խնդիրը գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության ներքո, որպեսզի սուպերմարկետները հակամրցակցային պայմաններ չառաջադրեն:
Արձագանքելով՝ Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնեց, որ Արտակ Շաբոյանի մեջ երկու մարդու պայքար կա: «Մի կողմից Դուք ընդունում եք, որ խոշոր խանութները հարմարավետ են, բայց, մյուս կողմից, գիտակցում եք, որ դա վնասում է միջին բիզնեսին: Բայց ամեն դեպքում, սպասարկման ոլորտը խոշորացնելով, մենք մեծ աջակցություն ենք ցույց տալիս երկրից արտագաղթողներին. ամենուր կտեսնեք, որ օֆիսային տարածքները վաճառվում են կամ տրվում են վարձով»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ն է խոսում սուպերմարկետների դեմ, եւ սա այն դեպքում, երբ խոշոր սուպերմարկետները պատկանում են ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին: