կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-04 13:56
Քաղաքական

Սպառնում են ՀՀԿ-ին

Սպառնում են ՀՀԿ-ին

«Մենք ռոբեսպիերներ ու արյունախում հեղափոխականներ չենք, որ ձգտում ենք արյուն թափել: Մենք ուզում ենք հասկանալ, ժողովուրդն ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ է աշխարհի ամենաէժան գազի համար վճարում ամենաթանկ գինը»,- ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ բազմաթիվ հարցերի պատասխանները ժողովուրդը չի ստանում, իսկ կառավարությունը գործարքն իրականացրել է հրապարակայնության ու հաշվետու լինելու` տարրական նորմերի խախտմամբ: «Մարդիկ շոկի մեջ են: Եես էլ էի շոկի մեջ, երբ ստացա գազի հաշիվները: Եվ շոկն ավելի է խորանում, երբ գիտակցում ես, որ այդ ամենը հետևանք է ոչ թե օբյեկտիվ պատճառների, այլ իշխանությունների ոչ կոմպետենտ ու կոռուպցիոն գործունեության»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով՝ կառավարությունը օրենքի բազմաթիվ աղաղակող խախտումներ է կատարել, ուստի թող կառավարության ներկայացուցիչները ներկայանան ժամանակավոր հանձնաժողովի նիստերին ու ապացուցեն իրեն իրավացիությունը: Հակառակ դեպքում` ներկայացվելու է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: «Այլ ճանապարհ չեք թողում, այնպես եք անում, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու իր հարցերի պատասխանը ստանա փողոցում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այնքան է խորացել գազի խնդրի մեջ, որ դարձել է «գազի մարդ»:  «Այդ պարտքը որտեղ՞ց է առաջացել: Սա հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի, սա առաջացել է միայն մեր ներսում»,-ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ գազի պարտքի եւ սակագնի բարձրացման գաղտնիքը բացահայտելը պատգամավորների պարտավորությունների մեջ է մտնում, եւ հորդորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկություններով հանդես գալ: «Պարո'ն Աբրահամյան, եկեք` բացենք այս գործը: Եթե կան առաջարկներ, ես պատրաստ եմ լսել, իմ գործընկերները պատրաստ են լսել: Ասեք ձեր առաջարկները, բայց այս գործը, այս հանձնաժողովը բացեք: Առաջարկ արեք, բայց խուսափել սրանից չի կարելի»,- հավելեց Մանուկյանը:

 

Նա նշեց, որ հանրային հարցերի կարգավորման հանձնաժողովը իրավասու չէ պատասխանել այն հարցերին, որոնք բարձրացրել է ինքը Ազգային ժողովում: «Իմ հնչեցրած հարցերը Ռոբերտ Նազարյանի գործը չէ, եւ ես չէի էլ պատրաստվում այդ հարցերը հնչեցնել նրան: Ես ասում եմ` այն հարցերը, որոնք կապված են ուղիղ մեր վերահսկողության հետ»,- ասաց Մանուկյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի ելույթին:

 

Ինչ վերաբերում է աուդիտին, Մանուկյանը պնդեց, որ մինչ օրս 20 տոկոսը գնահատելու` աուդիտի մասին փաստաթղթերը չեն բերվել խորհրդարան: «Մենք չունենք այդ թղթերը, մենք կառավարությունից ենք ուզել այդ թղթերը, որը չի բերում»,- ասաց Մանուկյանը: