կարևոր
1888 դիտում, 15 ժամ առաջ - 2026-01-10 12:14
Հասարակություն

Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

 Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց…

Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի հետ կապ չունեցող, անտրամաբանական հայտարարություն։ Այսինքն՝ մենք կապ չունենք ո՛չ Հիսուս Քրիստոսի, և ո՛չ էլ Նրա Սուրբ Ծննդյան հետ, հետևաբար՝ անիմաստ է Սուրբ Ծննդյան ձեր խանդավառությունը։

Սուրբ Գրքին և Սրբազան Ավանդությանը հակասող այս մտքին եկավ ողջունելու և ամբողջացնելու ոչ ավել, ոչ պակաս բարձրաստիճան մի հոգևորական։ Նա շարունակելով առաքելական հավատքի հետ կապ չունեցող այս անտրամաբանական միտքը՝ հավելեց «Հիսուս բանտարկված է Խոր Վիրապի զնդանում»։ Առաջին հայացքից անգրագիտություն է, վարդապետական մտքի բոբիկություն և անտեղյակություն, բայց խորքային առումով շատ վտանգավոր և կործանարար միտք է։

Ինչո՞ւ։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ Քրիստոսի Լույսը դեռևս Հայոց աշխարհը չի լուսավորել, հայ ազգը քրիստոնեա չէ։ Քրիստոս «զնդանի» մեջ է և մենք չենք կարող հաղորդակցվել Նրա հետ և երբևէ չենք էլ հաղորդակցվել։ Մենք, որ հպարտությամբ ասում ենք՝ 1700 և ավելի տարիներ առաջ ընդունել ենք Քրիստոսին և լուսվորվել, սո՛ւտ է։ Հայ ազգը երբևէ քրիստոնեա չի եղել։ Դարերով կերտված մեր սրբություններն ու արժեքները առոչինչ են։ Մենք առաջին Քրիստոնեա ազգը չենք։ Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեա լինել, երբ «Հիսուս դեռ Խոր Վիրապի զնդանում է»։ Մենք նոր պիտի դառնանք քրիստոնեա, և այն ժամանակ, երբ իրենք Քրիստոսին «զնդանից» կհանեն։ Եվ կդառնանք այնպիսի քրիստոնեա, ինչպիսին իրենք են ցանկանում տեսնել։ Մենք անցյալ չունենք, մենք պատմություն չունենք։ Մենք՝ որպես ազգ, իրավունք չունենք հպարտանալու ազգային որևէ բանով, որովհետև մեր պատմությունը սկսում է 2018 թվականից։

Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես մեզ զրկեցին Արցախից, հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնեա լինելու բերկրանքից։

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․

Տեր Գաբրիել քահանա Վարդանյան