կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 17:10
Քաղաքական

ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

Մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 2009 թվականից նա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ երրորդ քաղաքապետն է` Գագիկ Բեգլարյանից եւ Կարեն Կարապետյանից հետո:

 

«Հնարավո՞ր է, որ եթե Տարոն Մարգարյանն ընտրվի քաղաքապետ, մեկ տարի անց ՀՀԿ-ն նրան փոխի»: «Երկիրն այսօր»-ի այս հարցին ի պատասխան՝ հանրապետական Հովհաննես Սահակյանն այսօր ասել է. «Եթե միայն չար լեզուները Դոմինգոյին չբերեն Երեւան»:

 

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանի` քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու գործում ակամա առանցքային դեր էր խաղացել Հայաստան ժամանած աշխարհահռչակ երգիչը:

 

«Մեր քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, եւ Տարոն Մարգարյանով ենք մենք ներկայանում: Եթե հետագայում Տարոն Մարգարյանը տեղափոխվի ավելի լավ պաշտոնի կամ, չգիտեմ, ինչ խնդիրներ լինեն»,- նշել է Սահակյանը:

 

Լրագրողի դիտարկմանը` ասենք` Դոմինգոն նորից գա Երեւան, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձել է. «Ոչ մի բանից ապահովագրված չենք եւ չենք կարող ասել` Տարոնը մինչեւ վերջ է լինելու քաղաքապետ: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե չար լեզուները Դոմինգոյին չբերեն Երեւան, Տարոնը մինչեւ վերջ կպաշտոնավարի»:

 

Ստացվում է` ՀՀԿ-ն խոստավանո՞ւմ է, որ քաղաքապետի պաշտոնն իրականում ՀՀԿ-ի համար նշանակովի պաշտոն է, եւ որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառը «չար լեզուներն» էին, իսկ Դոմինգոյի համերգի միջադեպը` ընդամենը հարմար առիթ: