Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի գնի հետ կապված խնդիրները: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի երկու հիմնական խնդիր՝ 300 միլիոն դոլար պարտքի գոյացման հարցը և գազի գնի ձեւավորման հարցը: «Հանձնաժողովը ուսումնասիրելու է այն խորհրդավոր մթնոլորտը, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության շրջանում այս գազային պայմանագրերով»,- ասաց նա: Արամ Մանուկյանը նշեց, որ ստեղծվելու է բազմակուսակցական հանձնաժողով: Նա առաջարկեց բոլոր խմբակցություններին ունենալ իրենց ներկայացուցիչներին, որպեսզի երեք ամսվա ընթացքում ներկայացվեն զեկույցներ այն կարևորագույն խնդրի ուսումնասիրման վերաբերյալ, որն առնչվում է բնակչության 90 տոկոսին:
Ներկայացնելով գազային պայմանագրերի հետ կապված խնդիրները` Արամ Մանուկյանը նշեց, որ 300 միլիոն դոլարի պարտքը գաղտնի է պահվել` 2011-ից սկսած շուրջ երկու տարի: Այդ ընթացքում պետական պաշտոնյաները ԱԺ-ից ևս գաղտնի են պահել պարտքի մասին տվյալները: Ըստ նրա` կառավարության ներկայացուցիչները, բառախաղ անելով, ասել են, թե սպառողների համար գազը չի թանկացել, մինչդեռ գազը այդ ընթացքում արդեն թանկացել էր: Խորհրդարանից գաղտնի է պահվել նաև «Հայսռուսգազարդ»-ի քսան տոկոսի վաճառքը:
«Ո՞նց կարելի է երեսուն տարով պայմանագիր կնքել ու քաղաքականապես կաշկանդվել այդպիսի նվաստացուցիչ պայմանագրով: Այլ քաղաքական կոնտեքստներ չեմ ուզում ասել, որ Հանրապետականը չբոյկոտի: Բայց ուզում ենք, որ Հանրապետականը քայլ անի, ու իրավական առումով ուսունասիրենք գազի թվերի հետ կապված մութ խնդիրները` պարզելու համար, թե ի՞նչ է կատարվում, և ի՞նչ է թաքցնում կառավարությունը»,- ասաց պատգամավորը: