Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ սեպտեմբերի 14-ին Yerkir.am-ը ՀՀ կառավարություն պաշտոնական հարցում ուղարկեց, չէինք մտածում, որ առաջին հայացքից պարզ, հեշտ ու արագ արձագանք ենթադրող մեր այդ հարցին կտրվի կիսապատասխան` խոստումով, որ պատշաճ ժամկետում լիարժեք պատասխան կստանանք: Բայց հետո երկար լռություն տիրեց:
Մեր հարցումը սեպտեմբերին հասարակության շրջանում մեծ քննարկումների առիթ դարձած` վարչապետի որոշման մասին էր, ըստ որի` առաջին տիկին Աննա Հակոբյանի ոճաբան-վարսահարդարը` Սոֆյա Նավասարդյանը, վարչապետի օգնական էր նշանակվել: Նշանակումից մի քանի օր անց նրա տվյալները կառավարության պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնից հեռացվել էին, իսկ վարչապետի որոշումների բաժնից հեռացվել էր այդ նշանակման մասին որոշումը: Սոֆյա Նավասարդյանի «ոդիսականը» պարզելու համար կառավարություն ուղարկած մեր նամակում ներառել էինք հետևյալ հարցերը` արդյո՞ք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել կառավարությունում, ինչո՞ւ վարչապետի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնում նրա անունը նշված չէ, վարչապետի որոշումների բաժնից նրա նշանակման մասին որոշումն ինչո՞ւ է հեռացված:
Նշենք, որ, նախքան այս պարզ հարցերի պատասխանները գրավոր ձեւակերպելը, փորձել էինք հեռախոսազրույցի միջոցով պարզաբանում ստանալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, սակայն հեռախոսին պատասխանող` կառավարության աշխատակցուհին մեզ տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շատ զբաղված է և չի կարող մեզ պատասխանել, ճիշտ կլինի, որ մենք հարցում ուղարկենք և ստանանք սպառիչ պատասխան:
Մեր հարցման գրավոր արձագանքում նշվում է, որ հարցադրումների պատասխանները կներկայացվեն ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետներում: Ըստ այդ ենթակետի` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Բայց մի՞թե մեր ուղարկած հարցերն այդքան բարդ էին եւ երկար ժամանակ էին պահանջում՝ ճիշտ պատասխանը գտնելու, անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու, հավելյալ հետազոտություններ անցկացնելու համար:
Հասկանալով, որ մեր կառավարությունը խիստ զբաղված է արտահերթ ընտրություններով, պատնեշներ կառուցելով, պատնեշներ քանդելով և այլնով, կառավարության գործը թեթևացնելու համար զանգահարեցինք Սոֆյա Նավասարդյանին: Նա մեզ ասաց, որ «հանգիստ լինենք, երբ ժամանակը գա, բոլորս էլ կիմանանք»:
Ե՞րբ է գալու այդ ժամանակը, և քանի՞ օր է պետք մեր կառավարությանը, բացի օրենքով սահմանված 5-30 օր ժամկետից, որ ընդամենը պարզեն` առաջին տիկնոջ ոճաբան-վարսահարդարն աշխատո՞ւմ է կառավարությունում, թե՞ ոչ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքում ցանկացած լրատվամիջոց հանգիստ կարող է դիմել դատարան և շահել ընդդեմ կառավարության գործը: «Առկա է օրենքի խախտում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է տեղեկություն ստանալու հարցմանը 5-օրյա ժամկետում պատասխանելու պարտականություն։ 30 օրում պատասխանելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք` հայցվող տեղեկությունը կազմելու, մշակելու համար։ Մինչդեռ տվյալ դեպքում լրատվամիջոցը խնդրել է տրամադրել ինֆորմացիա կոնկրետ անձի նշանակման որոշման վերաբերյալ, որն արդեն ընդունված էր, եւ կառավարության աշխատակազմը պետք է ոչ միայն հարցման հիման վրա տրամադրեր, այլեւ սեփական նախաձեռնությամբ հրապարակեր կառավարության պաշտոնական կայքում, ինչը չի արվել։ Այսինքն` առկա է նաեւ օրենքի երկրորդ խախտումը՝ պրոակտիվ հրապարակման պահանջի ոչ պատշաճ կատարում։ Առկա է նաեւ երրորդ խախտումը. հարցմանը չպատասխանելը ամենակոպիտ խախտումն է։ Հանգիստ կարող եք բողոքարկել դատարանում եւ շահել գործն ընդդեմ աշխատակազմի»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ մենք չենք դիմելու դատարան, կսպասենք` մինչև մեր երիտասարդ կադրերը սովորեն աշխատել ԶԼՄ-ների հետ:
Ի դեպ, այս ընթացքում Սոֆյա Նավասարդյանն ուղեկցել է առաջին տիկնոջը նրա արտասահմանյան այցերի ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցումը եւ դրա պատասխանը: