Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի հարց բաց է մնում՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: Ինչո՞ւ 5 հազարամյա մի ժողովուրդ՝ այդպես էլ չկարողացանք մեր անհատական ընտրության կրողը լինել: 5 հազարամյա մի ժողովուրդ, որի կյանքում Թումանյանը պիտի զրոյից սկսի: Այսինքն` հայը զրոյից դառնա ազգ: Ինչո՞ւ: Որովհետեւ սուտ է, մենք Թումանյան չենք ունեցել: Խորենացի էլ չենք ունեցել: Խորենացի ունեցել են գերմանացիները: Ընդ որում` ունեցել են հետեւողականորեն: Թումանյան էլ: Այսինքն` մտավորական առ մտավորական ձեւավորվել է այդ ազգը, սպանել են ուրիշներին, վառել են, վատաբանել են մինչեւ հասել են մեր օրերը: Ու բոլոր էդ գազանությունների արանքում ծնվել է մեկը, որը կես քայլ է եղել ազգի «գլխում»:
«Մշակույթ» բառն առաջին անգամ ձեւակերպել են գերմանացիները: 17-րդ դարում: Ձեւակերպողն էլ իրավաբան էր: Այսինքն` մարդ էր, որը ձեւակերպեց իրավունքի, արվեստի եւ հանրային արժեքների փոխհամաձայնության լեզուն: Ռումինացիները Չաուշեսկու գնդակահարեցին գրեթե առանց դատ ու դատաստանի: 21-րդ դարի շեմին: Այսինքն` ցուցադրեցին իրենց գազանությունը: Որպեսզի այլեւս գազան չլինեն: Հիմա ընտրություն չեն կեղծում, կոռուպցիայի բացահայտումից հետո էլ վարչապետը կրակում է գլխին: Մինչդեռ կոմս Դրակուլայի հայրենիքն է, նկատի ունեցեք: Ասում ենք` հայրենիք չենք ունեցել, դրա համար էլ ով ասես գալիս, նստում է մեր գլխին: Հայրենիքի սովոր չենք` այսինքն: Как раз Հայրենիքի սովոր ենք, պետության սովոր չենք: Մեր ձեռքով ոչ մի հեղափոխություն չենք իրականացրել: Սա կարեւոր է, այսինքն` մեր ձեռքով որեւէ հրեշագործություն չենք արել: Մեր հանդեպ արել են, բայց մենք չենք արել:
Անգլիացիներն աջ ու ձախ թագավորների գլուխներ էին թռցնում, մինչեւ որ դարձան կայսրություն: Ֆրանսիացիները հեղափոխություններին զուգահեռ աշխարհը ողողեցին լուսավորչականությամբ: Նապոլեոնի նման մարդ ունեին: Հենց այնպես չգրավեց Եգիպտոսը, հետը գիտնականների զորագունդ տարավ, որը 25 հատորի մեջ շարադրեց մինչնապոլեոնյան ամբողջ Եգիպտոսի պատմությունը: Վիկիպեդիայում բացում ես «Հայեր» էջը՝ լավագույն դեմքերը կա'մ չկան, կա'մ հայաստանցի չեն: Յուրաքանչյուր վիկիպեդիական Հայ որեւէ կայսրության ներկայացուցիչ է: Կայսրություններ ղեկավարող թագավորներ ենք ունեցել՝ բյուզանդական կայսր Վասիլ Առաջինը՝ մակեդոնացի հայ: Յուրաքանչյուր կայսրություն ամեն հարյուրամյակում ունեցել է դարն ամփոփող իր պատմիչը, գրողը, մտավորականը, երաժիշտը: Մինչդեռ հայը ունեցել է սոսկ ազգն ամփոփող գործիչներ՝ Խորենացի, Շնորհալի, Աբովյան, Կոմիտաս, Թումանյան, Սարյան: Այնպիսի տպավորություն է` ասես այս մարդիկ ոչ թե ամփոփել են, այլ ամեն մեկն իր չափով վերջակետել է մեր ազգը: Վերջակետել է այն պատճառով, որ իրենց տեսած հայը իրենց իմացած հայը չէ: Նրանք իրենց անհատական դռները փակեցին «հայ» մանրակերտի վրա: Փակեցին, որովհետեւ ոչ մեկի աչքի առաջ իրենց իմացած հայը չփայլատակեց: Եվ այս բոլորի ափսոսանքը, փաստագրած «մահը» հավաքեց Եղիշե Չարենցը «Մահվան տեսիլ»-ներում, «Պատմության քառուղիներ»-ում: «Կոմիտաս» պոեմում է ներփակված հայ ազգը, էդ պոեմը մեր Ագռավաքարն է: Պատահական չէ, որ այն կիսով չափ աստվածանարգական պոեմ է: Դրանից հետո Չարենցն այլեւս հայ ազգի ներկայացուցիչ չէր, «Ի խորոց սրտի...» էր գրում:
Նշանակում է՝ թեմա չէ, թե ինչու այսպես ստացվեց: Այսպես ստացվեց, որովհետեւ յուրաքանչյուր հայ գալիս է ձեւակերպելու Ագռավաքարը: Գալիս է արձանագրելու իր խռովքը, գալիս է դեմքով տեսնելու էն դուռը, որը շրխկացնելու է բացառապես բոլորի դեմքին: Յուրաքանչյուր հայ գալիս է ճշտելու հողի իր բաժինը, որը թողնելու է անձամբ, ոչ երբեք ուրիշի փոխարեն: Նա չի սադրելու ուրիշի փախուստը, նա գալիս է իր փախուստին տեր լինելու: Եվ միշտ լինելու է այդպես:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: