կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 22:09
Առանց Կատեգորիա

Վահագն Վերմիշյան.«Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու համար»

Վահագն Վերմիշյան.«Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու համար»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կառավարության նիստին հարկային արտոնությունների տրամադրման հարցի քննարկման ժամանակ իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել, ուստի կուզենայի պարզաբանել, որ ասածս ամենևին չի նշանակում հակադրել հնդիկներին, պակիստանցիներին, ինտելեկտուալ մարդկանց։ Ընդհակառակը, մեր բարեկամ ժողովուրդ՝ ազգությամբ հնդիկ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Պակիստանից, ովքեր գիտության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեն: Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու, նաև դրա հետևանքով սխալ մեկնաբանությունների տեղիք տալու համար: Իրականում ողջունում եմ հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ այս նախագիծը: Նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը, լինելով տարածքով և բնակչությամբ փոքր երկիր, չունենալով մեծ ռեսուրսներ, ունի ինտելեկտուալ մեծ ներուժ: Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երկիր ցանկանան արտագաղթել բարձր կենսամակարդակ ունեցող երկրների քաղաքացիներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրենց աշխատանքը գտնեն այստեղ: Կապ չունի ազգությունը, լինի դա հնդիկ, պակիստանցի, շվեդ թե ֆրանսիացի: Ապահովելով արտասահմանյան գիտական, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներհոսքը՝ անշուշտ մեծ առաջընթաց կարձանագրենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր yerkir.am-ը  կառավարության այսօրվա նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ընթացքում քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը դրական էր գնահատել այդ նախագիծը։

«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասել էր Վահագն Վերմիշյանը։

«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք …, այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձել էր իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։