Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայն օրեր առաջ Երեւանում էր: Նա հասցրել էր լուսանկարվել Երևանում եւ Էջմիածնում` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը հպարտորեն ցուցադրելով և այդ լուսանկարերն իր ֆեյսբուքյան էջով տարածելով: Նա Երեւանում հանդիպել էր թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակազմի հետ, զրուցել կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի հետ:
Երեւանի Հանրապետության հրապարակում «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը հպարտորեն ցուցադրած Օքթայի լուսանկարները, հասկանալի է, մեծ աղմուկ բարձրացրեցին հատկապես համացանցում: Թեման ավելի թեժացավ, երբ Yerkir.am-ը հայտնաբերեց լուսանկարներ, որոնցում Օքթայը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ է: Վերջիններիս մամուլի քարտուղարները, իհարկե, հերքեցին, թե թուրք ազգայնամոլը հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ վարչապետի հետ` նշելով, թե նա այն հազարավոր մարդկանցից է, ովքեր մոտենում եւ ցանկություն են հայտնում լուսանկարվելու:
Օքթայի հետ հանդիպելու եւ լուսանկարվելու վերաբերյալ Yerkir.am-ին արդեն պարզաբանումներ են տվել Հակոբ Չաքրյանը, Ռիչարդ Կիրակոսյանը եւ Վարդուհի Իշխանյանը: Հարկ է նշել, որ, կարդալով պարզաբանումները, մի շարք հարցեր են ծագում, եւ հակասական իրավիճակ է ստեղծվում: Yerkir.am-ը փորձել է լսել նաեւ երկրորդ կողմի` Հասան Օքթայի բացատրությունները: Բնականաբար, մենք չենք կարող վստահ լինել նրա անկեղծությանը, բայց որոշ հարցերի վերաբերյալ նրա մեկնաբանությունները չենք կարող անտեսել:
Նախ` սկսենք ամենապարզ հարցից: Ըստ Վարդուհի Իշխանյանի` Օքթայն իրենց զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ «ուզում են Հայաստանում գործակալություն բացել` «Անադոլու» գործակալության մասնաճյուղը»: Ավելին` նա անգամ հետաքրքրվել է, թե հայ հասարակությունն ինչպե՞ս կընդունի դա: Մեզ հետ զրույցում Օքթայը, սակայն, կտրականապես հերքում է, թե «Անադոլու» գործակալության հետ կապ ունի, եւ սա այն դեպքում, երբ կայքի խմբագրություն գնացել է «Անադոլու» գործակալությունը ներկայացնող լրագրողի հետ: «Ես Kafkassam հետազոտական կենտրոնի նախագահն եմ: Ձեր ասած «Անադոլու»-ի հետ հեռվից-մոտիկից ոչ մի կապ չունեմ: «Անադոլու»-ն պետական կառույց է: Իսկ Kafkassam-ը` անկախ հիմնարկ: Ես գրեթե 10 տարի է` այցելում եմ Հայաստան և հանդիպումների ժամանակ հնարավորինս նկարվում եմ ու այն ամեն տեղ ցուցադրում, որովհետև Հայաստանը փակ հասարակություն է, և այնտեղ պետք է լինենք ջերմ, իրատես և հնարավորինս բաց: Ծածուկ իրականացվող հարաբերություններ, իհարկե, կարող են լինել»,-կարծիք հայտնեց Օքթայը:
Ուշագրավ է, որ «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշը հպարտորեն ցուցադրած ազգայնամոլը նաեւ վստահեցնում է, թե «իր հետազոտական կենտրոնը Թուրքիայում միակն է, որ Հայաստանի մասին ամենաճիշտ, իրատեսական և վստահելի լրատվությունն է մատուցում»: Նրա այս խոսքերին, մեղմ ասած, դժվար է հավատալ: Ի դեպ, նա մտավախություն ունի, թե «հայկական ԶԼՄ-ները, անտեսելով այս մեծ «հեղափոխությունը», լուսանկարներից են կառչել, ցանկանում են ջնջել Հայաստանում մեր արած ներդրումը»:
Օքթայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ պայմաններում, որտե՞ղ եւ ե՞րբ է հանդիպել վարչապետի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այս հարցին պատասխանելիս նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ինքն արդեն 10 տարի է` այցելում է Հայաստան, նաև ընդգծեց, որ «Տիգրան Սարգսյանի և կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումների նպատակը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը, տարածաշրջանում մեկուսացված Հայաստանի մասին «պրոբլեմատիկ պետություն» հասկացությունը վերացնելն ու պատասխանատու պետություն լինելու հարցում ներդրում ունենալը»: Ստացվում է Օքթայը, իրո՞ք, առանձին հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ վարչապետի հետ, եւ միասին փորձել են գտնել հայ ազգի փրկության ճանապարհը:
Ինչպեսեւ սպասում էինք, Օքթայւ մեր զրույցի ընթացքում փորձեց անկումային տարամադրություններ ստեղծել` կանխատեսելով Հայաստանի վատ ապագան: «Այն վիճակում, որ գտնվում եք, եթե այսպես շարունակվի, Հայաստանը կմնա առանց հայերի: Իրականությունը սա է և այն, որ դա հայերին ասելու համարձակությունը ոչ ոք հանձն չի առնում: Հայաստանի աշխարհընկալումը Թուրքիայի և թուրքերի աշխարհընկալման հետ ոչ մի կապ չունի, և շուտով Հայաստանը դառնալու է այնպիսի երկիր, որ ամբողջ աշխարհը կխղճա»,- ասաց նա: Հետո ավելի անկեղծացավ. «Այո, ես թուրք եմ, թուրք ազգայնական (ավելի ճիշտ` ազգայնամոլ է, պարզապես նրանք երբեք այդ բառը Թուրքիայում չեն կիրառում): Փորձում եմ հայերին հասկանալ, հասկացվել, և փոխանակ Հայաստանը ինձ ոչ պաշտոնական լիազոր (հյուպատոս) լինելու հնարավորություն տա... Սա ինձ չի վիրավորում, ընդհակառակը` հասկացնում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք: Հուսով եմ` իմ անձի դեմ ուղղված այս քարոզարշավը վերջ կունենա: Ես չեմ վիրավորվել, չեմ նեղվել, Հայաստանի մասին աշխատանքներս շարունակելու եմ»:
Մեր զրույցի ընթացքում Օքթայը շարունակ մեղադրում էր հայկական մամուլին, որակումներ տալիս` մե'կ այդ թեմային անդրադարձած լրագրողներին «խանգարումներ ունեցող լրագրողներ», մե'կ տգետ անվանում, ասում, որ մեր մամուլը ոչինչ չգիտի, չի ուզում սովորել: Նրան հասկանալ կարելի է: Նա բորբոքված է, չէ՞ որ, ի վերջո, հատուկ ծառայությունները նրան չբացահայտեցին, այլ հենց լրատվամիջոցները: Պատկերացնո՞ւմ եք` մարդը 10 տարի ազատ եկել-գնացել է, եւ հանկարծ մեկ-երկու կայք, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ջուրն են գցում նրա ծրագրածը: Դե, իհարկե, մամուլն է «մեղավոր»...
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ