Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Միքայել Մելքումյանի, Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով պատգամավորներն առաջարկում էին այսուհետ նոյեմբերի 17-ը ՀՀ ազգային տոնացույցում նշել որպես Ուսանողների օր, քանի որ հենց այդ օրն է միջազգային հանրությունը նշում որպես Ուսանողների միջազգային օր:
Նախագծի հիմնավորման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ միջազգային օրերի և տոների ցանկը մեծ է: Միայն ՄԱԿ-ի ցանկում տոնական օրերի թիվը շուրջ 116-ն է: Մի շարք միջազգային տոնական օրեր ներառված են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնք Հայաստանի Հանրապետությունում նշվել են ավանդաբար:
«Հիշում եք' անցյալ շաբաթվա մեր առաջարկությամբ, պարո'ն վարչապետ, մի քանի տարի տեւած գործընթացն ավարտվեց նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով մենք առաջարկում ենք, որ ազգային տոնացույցում, իհարկե, լինի ուսանողության եւ երիտասարդության օր, բայց այդ տոնն ունենա ազգային ակունքներ, այլ ոչ թե լինի միջազգայնորեն ընդունված 116 օրերից մեկը, այլ ազգային պատմությունից բխող` ԵՊՀ-ի հիմնադրման օրը: Ուստի այս օրինագծին տալիս ենք բացասական եզրակացություն»,- ներկայացրեց Արմեն Աշոտյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիտարկում արեց, թե, ընդհանուր առմամբ, պետք է շնորհակալություն հայտնել ԱԺ գործընկերներին, որովհետեւ նրանց առաջարկը, բովանդակային առումով, ամբողջությամբ համահունչ է այն առաջարկին, որ Արմեն Աշոտյանը ներկայացրել էր նախորդ նիստին եւ կառավարությունն ընդունեց:
«Այսինքն' մենք այդ առումով նույն որոշումն ենք ընդունում, միայն տարաձայնությունն օրվա վերաբերյալ է, թե տարվա ընթացքում որ օրն է նպատակահարմար նշել: Կարծում եմ, որ պատգամավորները կմիանան մեր այդ նախաձեռնությանն ու կպաշտպանեն այն օրենսդրական նախաձեռնությունը, որը մենք ներկայացրել ենք ԱԺ: Այնպես որ` մեր վերաբերմունքը դրական է, քանի որ ինքներս նմանատիպ օրենսդրական փաստաթուղթ ենք հավանության արժանացրել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջում Աշոտյանն ու վարչապետը հույս հայտնեցին, որ պատգամավորների վերաբերմունքը դրական կլինի կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: