կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-27 11:08
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունն Արցախի հարցով ԱԺ-ում նոր առաջարկությամբ է հանդես եկել

«Հայաստան» խմբակցությունն Արցախի հարցով ԱԺ-ում նոր առաջարկությամբ է հանդես եկել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Արցախի հարցով ԱԺ որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, այն է՝ վերանվանել Արտաքին հարաբերությունների հարցերով մշտատական հանձնաժողովը եւ կոչել՝ Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժեց Արցախի հարցով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկությունը։ Ըստ Աժ նոր որոշման նախագծի, Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներում որևէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կենսական և կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման, հայկական երկու հանրապետությունների միջև օրենսդրության մոտարկման և այլ հարցերի վերաբերյալ։

Եվրոպական ինտեգրման հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների առկայության պայմաններում Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունի սկզբունքային կարևորություն՝ ընդգծելու համար նաև Հայաստանի Հանրապետության բացառիկ դերակատարությունն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի հարցում ստեղծվել է նոր իրավիճակ՝ Արցախին եւ Հայաստանին կանգնեցնելով նոր մարտահրավերների առջեւ։

Որոշման նախագիծն ընդգրկված է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում, հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է: