կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 18:18
Առանց Կատեգորիա

Կամրջից կախված

Կամրջից կախված

Թրվանդ մայրիկը մեր դպրոցում հավաքարար էր աշխատում, այսինքն` քիչ հավանական էր, որ վերջինիս երկու աղջիկները կամուսնանային, բայց տղան կարող էր ամուսնանալ` առանձին ապրելու պայմանով:

 

Ասում են` Թրվանդ մայրիկի ամուսինն ամուսնանալուց երեք տարի անց երեք երեխա ունենալուց հետո իր ամուսնական պարտքը համարել էր կատարած եւ թողել-հեռացել տնից: Թրվանդ մայրիկի ամուսինը խմող է եղել, տնից լացի ձայն ու հայհոյանք լսելը` սովորական բան:

 

Թրվանդը փողոցի շտապօգնությունն էր`փողոցում ում ինչ պատահեր, նրան էին կանչում: Սնխչի էր. չբերների մեջքին յախու էր դնում, դուրս եկած մարմնի հատվածը մի «ախ»-ով տեղը գցում: Թրվանդը միայն ողջերի կողքին չէր. մահացածների աչքերը փակում, ձեռքները խաչում, լողացնում, հագուստն էլ փոխում էր:

 

Թե Թրվանդի երեխաներն ինչպես մեծացան, ոչ ոք չիմացավ. աշխատում, պահում էր ընտանիքը: Իսկ տարիներ անց, երբ երեխաները չափահաս դարձան, 18-20 տարվա տան լռությունը փոխարինվեց ամենօրյա ծեծ ու ջարդով` հայհոյանքներով համեմված:

 

Թրվանդի տղան` Հակոբը, մինչ բանակից վերադարձավ` քույրերից մեկը հասցրեց փախչել տնից` անհայտ ուղղությամբ, փողոցում պտտվող շշուկների համաձայն` իրանցի սիրած էր գտել: Հակոբի մյուս քրոջը` Ռոզիկին, փողոցում մատով էին ցույց տալիս` բարձրահասակ էր ու մեծ, մեծ կրծքերով, որի պատճառով ամաչում էր եւ մի տեսակ կորացնում մեջքը քայլելիս: Ռոզիկի վրա թաղի տղաներից բոլորն էլ աչք ունեին, բայց Ռոզիկն երկու թերություն ուներ ինչ-որ մեկի ընկերուհին լինելու համար` հայր չուներ, մայրն էլ` հավաքարար էր, դպրոցի զուգարաններն էր մաքրում:

 

Հակոբը բանակից եկավ, հենց աչքալուսանքի օրը մի լավ հարբեց ու… ծեծեց Ռոզիկին, թե ով է ասում էսքան շուտ մեծանայիր, որ փողոցում քեզ մատով ցույց տան: Հարեւանները հավաքվեցին Թրվանդենց տանը, հանգստացրին Հակոբին, բայց չնախատեցին Հակոբին` «ոչինչ, քրոջը կարոտել էր»:

 

Հաջորդ երեկոյան նույնպես տնից վեճի ձայներ լսվեցին` էլի Հակոբն էր, էլի ծեծում էր քրոջը: Թաղի տղամարդիկ խոսեցին Հակոբի հետ, թե` չի կարելի, հասուն աղջիկ ա, բա որ ճժից կտրվի՞: Պարզվեց` Հակոբին փող էր պետք, շատ փող. բանակում ինչ-որ պատմության մեջ էր ընկել, եւ մեկ ամիս ժամանակ ուներ` գումարը տանելու: Ոչինչ չունեին, տունն էլ հավաբնի պես մի բան էր, անգամ` ամոթ` վաճառքի հանելը: Երկու-երեք շաբաթ Թրվանդենց տանը կռիվ էր` Հակոբի հայհոյանքներն էին լսվում ու Ռոզիկի լացի ձայնը: Դրսում խաղալ չէր լինում` Հակոբը մեր աչքի փուշն էր դարձել. գնում էինք դուրս ու արագ-արագ խաղում` մինչ կռիվը կսկսեր եւ մեզ տուն կկանչեին:

 

Մի օր հանկարծ մեր խաղը չընդհատվեց ու էդպես օրեր շարունակ: Հաշվել էինք` արդեն չորս օր էր` Հակոբենց տանը կռիվ չէր լինում, նկատել էի` Թրվանդ մայրիկն էլ դպրոց չէր գալիս` ասել էր` հիվանդ է, բայց ես մեր պարտեզից տեսնում էի` իրենց պարտեզի վերջում նստում-լացում էր:

 

Թաղի տղամարդիկ նկատել էին` Ռոզիկն ամեն օր երեկոյան տնից դուրս էր գալիս, իսկ գալը չէին տեսնում: «Աշխատում է, ափսե է լվանում ռեստորանում»,-ասել էր Թրվանդ մայրիկը: Տղամարդիկ մատ էին թափ տվել Հակոբի վրա` ինչպե՞ս ես դու տանը նստում, իսկ քրոջդ ուղարկում ռեստորանում աշխատելու: Հակոբն արդարացել էր` մեջքը ցավում է, մի քանի ամիս աշխատել չի կարող: Մեկ-երկու ամիս անց փողոցում շուրջ մեկ շաբաթ աշխատանքից հետո առանձին-առանձին հավաքվում էին տղամարդիկ ու կանայք ու փսփսում` Ռոզիկին կեսգիշերին տեսել էին Ուպրավլենու կամրջի տակ` ճիշտ այնտեղ, ուր մարմնավաճառներն են կանգնում: Տղամարդիկ որոշեցին` կանայք պետք է խոսեին Ռոզիկի հետ: Ռոզիկը լացել էր` եղբայրն է ստիպում, անգամ` առաջին այցելուին հենց նա է գտել: Հակոբի հետ էլ տղամարդիկ խոսեցին, նա էլ, թե` «թավանի տակ եմ», չփակեմ` կգան ինձ էլ, Ռոզիկին էլ, մամային էլ կփրթեն:

 

***

Դրանից հետո փողոցում որոշեցին այլեւս չխառնվել Թրվանդենց տան գործերին. իրենք` իրենց ընտանիքը, թող անեն` ինչ ուզում են, մենք էլ դարդ ու ցավ ունենք: Դրանից հետո Հակոբը որոշեց անել ինչ ուզում է` դարձավ հարբեցող: Դրանից հետո Հակոբը մորը ծեծեց, ծեծից օրեր անց Թրվանդ մայրիկը մահացավ` «ծերունական մահով»` վաթսունը չբոլորած: Դրանից հետո անգամ հարեւաններն էին Ռոզիկին մեքենայով «աշխատանքի» տանում: Մի օր հարեւանները չիմացան` ուրա՞խ, թե՞ տխուր էին` Ռոզիկն ամուսնանում էր: Նրանք, ովքեր չամուսնացած աղջիկ ունեին` չարացել էին` «բախտի տերը թաղեմ», «սենցների բախտն ա միշտ բերում», «ով բոզություն անի, ում բախտը բացվի»: Բայց կային մարդիկ, որ անգամ Ռոզիկի օժիտի համար բռնիչ-սրբիչով գնացին աչքալուսանքի:

 

***

Դրանից օրեր հետո Ռոզիկին կրկին տեսել էին Ուպրավլենու կամրջի տակ…

 

Կարինե Հարությունյան