Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանի երեկվա հայտարարությունները, որոնք հրապարակվեցին մեր կայքում, մեծ աղմուկ բարձրացրեցին համացանցում: Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հերքեց Մարտիրոսյանի հայտարարությունները:
«Ավելի անհեթեթ հայտարարություն մինչ օրս չէինք հանդիպել` գազի կալորիականության, գազին օդ խառնելու, հրաշք սարքի և այլնի մասին»,- ասաց նա:
Շուշան Սարդարյանը, Մարտիրոսյանի խոսքերը որակելով «անպատասխանատու», նշեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը պետք է ապացույցներ ներկայացնի ու ապացուցի այդ հայտարարությունների ճշմարտացիությունը, «հակառակ դեպքում` պարտավոր են հրապարակային ներողություն խնդրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից` հանրային կարծիքը խեղաթյուրելու համար»: Ներողություն չխնդրելու դեպքում` սահմանված կարգով հարցը կարող է վիճարկվել:
Շուշան Սարդարյանը հայտարարությունը համարում է բանահյուսական կամ սիրողական ժանրի խոսակցություն, որը մեկնաբանել չարժե: «Եթե կան մասնագիտական մոտեցումներ, հաշվարկներ ու եզրակացություններ, ապա մենք հաշվի կնստենք միայն մասնագետների ու մասնագիտական ուսումնասիրությունների հետ: Առաջին անգամ չէ, որ մենք հրապարակային հայտարարում ենք, որ «Հայռուսգազարդը» պատրաստ է ընդառաջել նախաձեռնողական խմբերին, փորձագետներին և գազի որակական հատկանիշների համատեղ ստուգումներ ու չափումներ իրականացնել ցանկացած հասցեում և ցանկացած ժամի»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Ինչ վերաբերում է գազի որակական հատկանիշներին, ապա ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտներին, համաձայն որի` սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետրի ջերմատվությունը չի կարող ցածր լինել 7600 կիլոկալորիայից: Վերջին 20 տարվա ընթացքում, ըստ Շուշան Սարդարյանի, Հայաստան է ներկրվել 8000 կիլոկալորիայից բարձր ջերմատվությամբ գազ:
Միաժամանակ, կանոնավոր չափումներ են իրականացվել ինչպես հայ-վրացական սահմանին, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածքում: Սարդարյանը նշեց, որ չափումներ իրականացնում են խոշոր սպառողները, որոնք օրական մեկ միլիոն խորանարդ մետրից ավելի գազ են սպառում` «Արարատ ցեմենտ»-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, և նրանց կողմից որևէ դժգոհություն չի արձանագրվել: Գազը մատակարարվում է մեկ գազատրանսպորտային համակարգով, և չի կարող խոշոր սպառողին ավելի բարձրորակ գազ մատակարարվել, բնակչին` ցածրորակ:
Ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհություններին, որ գազը նախորդ տարիների պես չի տաքացնում, Շուշան Սարդարյանը նշեց, որ չտաքացնելը շատ հարաբերական է. պետք է հաշվի առնել մի շարք բաղկացուցիչ գործոններ: «Գազի հետ օդ խառնելը պայթյունավտանգ է, դա հնարավոր չէ»,- ընդգծեց նա: