կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 18:32
Քաղաքական

Ես հրապարակային ներողություն եմ խնդրում. Կարեն Սարուխանյան

Ես հրապարակային ներողություն եմ խնդրում. Կարեն Սարուխանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել Սոֆյա Հովսեփյանից՝ նրան ամուսնանալու խորհուրդ տալու համար։

«Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար: Եվ ուրեմն ` գրառումս եղել է մեկնաբանության տեսքով՝ Աշոտ Սարգսյանի գրառման տակ, որտեղ Սոֆյա Հովսեփյանը հիշատակում է ինձ և մեղադրում Մարալիկի ԱԿ-ում ստեղծված իրավիճակում՝ քրեորեն պատժելի արարքի համար, որն իբր թե կատարել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Ես ներկայացրել եմ այն բոլոր փաստարկները, որոնք վերաբերել են Հովսեփյանի մեղադրանքներին, իսկ դրանք ապացուցման ենթակա են։ Մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. իմ կատարած մեկնաբանության բուն էությանը շատ քչերը փորձեցին ծանոթանալ, իսկ տիկին Հովսեփյանը բնականաբար բուն էության հետ կապված ասելիք չունենալով՝ ամեն ինչ տարավ բարոյականության հարթություն, որի արդյունքում էլ ձևավորվեց միակողմանի վերլուծություն։ Իսկ թե ինչ հարթության մեջ է գտնվում նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելը` կարող եք վերլուծել ինքներդ : Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման ։ Իսկ երկրորդ խորհրդիս մասով եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով , որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն, որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար»,– գրել է Կարեն Սարուխանյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում իր հետ Մարալիկի ծննդատան հարցի շուրջ բանավիճելիս Սոֆյա Հովսեփյանին ասել էր՝ «Ամուսնացիր, կանցնի»։ 

Իմքայլական պատգամավորների միջեւ քննարկումը ծավալվել էր ֆեյսբուքյան տիրույթում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառման մեկնաբանություններում։ Գրառմամբ Աշոտ Սարգսյանը քննադատել էր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանը, որ մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եղել է Շիրակի փոխմարզպետ եւ կարգավորել առողջապահության ոլորտը, գրել էր, որ այն ժամանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը խտրական վերաբերմունք է ցույց տվել, երբ անհրաժեշտություն է եղել կրճատել 18 հաստիք, ինչն էլ դարձել է իրենց միջեւ բախման պատճառ։ Ըստ պատգամավորի՝ կրճատվողներից ամենատարեցի որդին զանգահարել է մարզպետին եւ խնդրել բացառություն անել, ինչին մարզպետը ընդառաջել է, մինչդեռ ինքը պնդել է, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պետք է կրճատել բոլորին։ Ի վերջո, ոչ ոք չի կրճատվել, ինչն էլ, Սոֆյա Հովսեփյանի պնդմամբ, ֆինանսական խնդիրներ է առաջացրել ծննդատանը, որն այս պահին արդեն ֆինանսավորման բացակայության պատճառով պետք է լուծարվի։ Կարեն Սարուխանյանը հակադարձել է, որ այդ  հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե այդ աշխատողների թիվն է հասցրել ֆինանսական ծանր պայմանների, այլ ծննդատան աշխատանքը՝ պայմանավորված ծնելիության քանակի նվազ լինելով։