կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 17:21
Առանց Կատեգորիա

Ով կանցնի գործող նախագահի սրի տակով

Ով կանցնի գործող նախագահի սրի տակով

Հին, այսպես կոչված` աշոտնավասարդյանական հանրապետականները շարունակում են քար անտարբերությամբ հետևել, թե ինչպես է Անդրանիկ Մարգարյանի անունը և գործունեությունը վերածվում նրա պաշտոնավարման տարիների հաշվին ներկայիս ձախողումներն արդարացնելու շահարկումների, քաղաքական ինտրիգների առարկայի: ՀՀԿ-ում նրանք վաղուց որակ և քանակ չեն կազմում, ընդամենը լուծում են կառքից վայր չընկնելու` տրիվիալ խնդիրը, այլևս անիմաստ են համարում լինել հանրապետական գաղափարախոսության, ժառանգության ու պահպանման ժամապահներն ու արժեհամակարգի կրողները, և նրանցից ակնկալիքներ ունենալ չի կարելի:

 

Նրանց փոխարեն իրենց համառորեն առաջին պլան են մղում երիտհանրապետականները, որոնք ընդամենը փորձում են, կոմսոմոլի «լավագույն» ավանդույթները պահպանելով, այս դիմակայությունն օգտագործել ինքնահաստատման և շեֆի կողմից իրենց գլուխը շոյելու պատվին արժանանալուն: Ներհամակարգային հարաբերությունների պարզման այս պղտոր ջրերում նրանք պարզապես փորձում են իրենց համար ձուկ որսալ:

 

Կուսակցության մյուս` առավել փորձառու հատվածը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված արշավին չի արձագանքում հիմնականում այն պատճառով, որ քաղաքական որոշում է կայացվել այդ դիմակայությունը կուսակցության ճակատից տեղափոխել գործադիր իշխանության ճակատ: Այսինքն` Քոչարյանի դեմ հանել ոչ թե ՀՀԿ-ին` իբրև կուսակցություն, որը եղել է նրա քաղաքական հենարանը պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում և պատասխանատվություն է կրում այդ շրջանի բոլոր դրական ու բացասական արդյունքների, հետևանքների համար, այլ կառավարությանը: Դա է պատճառը, որ Քոչարյանի և նրա գրասենյակի հայտարարություններին ներկայումս ընդգծված կոշտությամբ արձագանքում է ոչ թե բուն ՀՀԿ-ն, այլ կառավարության անդամները: Վարչապետից հետո էստաֆետն ընդունեցին էներգետիկայի և բնական պաշարների, ապա կրթության և գիտության, հետո նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ովքեր, ի դեպ, կարիերային առաջխաղացման աստիճանները մեծ լոնքերով հաղթահարելու շանսը ստացել են հենց Քոչարյանի կառավարման տարիներին:

 

Սա ինքնանպատակ տարվող մարտավարություն չէ: Սերժ Սարգսյանը, Քոչարյանի դեմ կանգնեցնելով գործադիր իշխանությանը, փաստացի փորձում է ապացուցել, որ սա ոչ թե նրա, այլ իր համակարգն է, որը պատրաստ է այդ փաստն ապացուցելու համար անցնել անգամ սեփական անցյալի և կենսագրության վրայով: Նա փորձում է Քոչարյանին կտրել այն հույսից, որ դեռևս պահպանում է իր ազդեցությունը իրավիճակ փոխելու ռեսուրս ունեցող կառավարման համակարգի, վարչական ապարատի վրա: Այսինքն` մի կողմից սրանով իշխանական համակարգը Քոչարյանից վերջնականապես կտրելու, իսկ մյուս կողմից` նույն համակարգը գործող նախագահի ազդեցության գոտում բյուրեղացնելու խնդիր է լուծվում: Քոչարյանին հասկացնում են, որ վերադառնալը ոչ թե նրա կամքի, այլ միայն Սերժ Սարգսյանի ցանկության տիրույթում է:

 

Փաստորեն, ստացվում է, որ գործադիր իշխանությունը վերածվել է երկու նախագահների միջև դիրքային պայքարի և ուժի ցուցադրության թատերաբեմի, որից, սակայն, ամենամեծ հարվածն ստանում է առանց այն էլ կենսունակությունը գրեթե կորցրած կառավարման համակարգը: Կառավարությունն այսօր, իր իրական գործը թողած, լծվել է անցյալի վերաարժևորմանը` առկա խնդիրների համեմատ` բացարձակապես երկրորդական գործի: Մեծ հաշվով լայն հասարակությանը բացարձակ չի հետաքրքրում` որ սխալը որ նախագահի կամ կառավարության կողմից է թույլ տրվել, եթե արդյունքում պատասխանատվության հարց դրված չէ: Իսկ այս դիմակայությունում ուղղակի չի կարող նման հարց դրված լինել: Մյուս կողմից` երևույթը թվում է լրիվ օրինաչափ. ի վերջո, եթե գործ չի արվում կամ վատ է արվում, գործադիրն ինչ-որ բանով պետք է ինքն իրեն զբաղեցնի: Իսկ դրա համար տեսարաններ սարքելուց ավելի լավ ու մանիպուլյացիոն միջոց չի կարող լինել: Խնդիրն այն է, սակայն, որ դատելով հրապարակային «փոխհրաձգության» ծավալման տեմպերից, այս պրոցեսը դեռ տևական ժամանակ շարունակվելու է, ինչը նշանակում է, որ իշխանությունը, օճառային օպերայի դասական օրինակով, հենց տեսարաններով էլ որոշել է կերակրել ու զբաղեցնել հարությանը: Սա շոկային թերապիա է կառավարման համակարգի համար, որը հերթական անգամ ենթարկվում է հավատարմության փորձության ցնցումների: Ռոբերտ Քոչարյանն իր ակտիվացմամբ առիթ տվեց Սերժ Սարգսյանին` ստուգելու իր թիմի հավատարմության աստիճանը. նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն Քոչարյանին հնարավորինս համոզիչ պատասխանելու կամ, ավելի ճիշտ, «տեղը դնելու» ծանրությունը, կապացուցեն նախագահին իրենց նվիրվածությունը: Խոսքը առավելաբար վերաբերում է, այսպես կոչված, քոչարյանական կադրերին, ովքեր հերթական անգամ հայտնվում են չափազանց ծանր դրության մեջ` ոչ այնքան այն պատճառով, որ չեն ուզում հավատարմության անուղղակի երդում տալ իշխանության` ներկայիս կրողին, այլ որովհետև չգիտեն` ինչպես կարող է փոխվել իրավիճակը ապագայում, և թե ինչ հաշվարկներ ունի, իշխանությունը հանձնելու հետ կապված, գործող նախագահը: Նրանք պարզապես չեն կարող վստահ լինել, որ Քոչարյանը չի վերադառնալու, և որ ինչ-որ պահի Սերժ Սարգսյանը հենց նրան չի հանձնելու իշխանությունը:

 

Հին, փորձառու վարչարարները, որոնցից է, օրինակ, բոլոր իշխանությունների «մարդու» համարում ունեցող, ներկայումս անշարժ գւյքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, լավ են հասկանում նման իրադրությունում «տիրափոխության» վտանգավորությունը եւ չեն ցանկանում մտնել մի խաղի մեջ, որն իրենցը չէ, և որտեղ իրենք միայն պոտենցիալ զոհեր են: Բայց այսպիսի իրավիճակներ առաջացել են նաեւ նախկինում: Սա իշխանությունը բյուրեղացնելուն ուղղված` կադրային զտումների յուրօրինակ մեթոդ է, որի կիրառումը շատերի համար «գլուխ» կամ, նվազագույնը, պաշտոն է արժեցել: Հենց այդ պատճառով է այս օրերին կատարյալ ընդհատակ անցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այդ իրական վտանգի առջև կանգնել է ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Այնպես որ` ո'չ կառավարության, ո'չ էլ, ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչներին այս օրերին նախանձել չարժե:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ