Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստն է: Քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ արձանագրությամբ կարգավորվում են որոշ ապրանքների ներմուծման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները վերաբերում են միայն այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստան ներմուծված ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ կիրառվելու են մաքսային դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց հստակեցնել, թե Ղազախստանն այս արձանագրությամբ ինչ է ստանում, արդյո՞ք ավելի նախընտրելի սակագնով է ներմուծում ապրանքներ, որոնք Ղազախստանից նույն սակագնով չեն կարող արտահանել, որովհետև Ղազախստանին հաջողվել է ԱՀԿ-ին անդամակցելու արդյունքում ավելի ցածր սակագին պայմանավորվել:
Պատգամավորը հարցրեց նաև, թե ի՞նչ ապրանքներ կարող են հետագայում դառնալ հիմք Հայաստանի կողմից ԱՀԿ-ի հետ բանակցությունների շրջանակում, որ կիրառվի առանձնահատուկ ռեժիմ: Արծվիկ Մինասյանը հարցրեց նաև մի հասկացության մասին, որը ներառված էր համաձայնագրի չորրորդ հոդվածով, այն է՝ ապրանքների հետագծելիություն:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ապրանքների հետագծելիությունը վերաբերում է այն ապրանքներին, որոնք Ղազախստանում ունեն միասնական մաքսային սակագներից տարբերվող սակագներ: Այդ ապրանքները կհարմարեցվեն ներմուծված պայմանական մաքսային ռեժիմով, ինչը նշանակում է` այդ ապրանքների տեղաշարժման հետագիծը պետք է լինի վերահսկողության տակ, որ դրանք չներթափանցեն ԵՏՄ այլ տարածքներ: Սուրեն Կարայանը հավելեց, որ Ղազախստանը, անդամակցելով ԱՀԿ-ին, ստանձնել է պարտավորություններ, որոնցով որոշակի ապրանքատեսակների նկատմամբ կիրառում է մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք տարբերվում են ԵՏՄ դրույքաչափերից: Այդ դրույքաչափերի կիրառումը Ղազախստանի կողմից կրելու է ժամանակավոր բնույթ` երեք տարի, որից հետո Ղազախստանը կկիրառի ԵՏՄ մաքսային դրույքաչափերը: Սուրեն Կարայանի խոսքով՝ բացառվում է այն տարբերակը, որ Ղազախստանի այն ապրանքները, որոնք ունեն ԵՏՄ մաքսային դրույքաչափից տարբերվող դրույքաչափ, մտնեն ԵՏՄ այլ երկրներ, և քննարկվող արձանագրությունը վերաբերում է հենց վերահսկելիությանը: