կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 16:44
Առանց Կատեգորիա

Հայերի աչքն այս հողերի վրա է. պատմում է Հրանտ Դինքը

Հայերի աչքն այս հողերի վրա է. պատմում է Հրանտ Դինքը

«Սեբաստիայի որ շրջանից, չեմ հիշում, մի օր մի ծերունի զանգահարեց ինձ ու ասաց. «Տղա'ս, քեզ փնտրեցինք, գտանք: Այստեղ մի ծեր կին կա, ձերոնցից է (հայ է), մահացել է: Եթե նրա հարազատներից մեկին գտնեք, ուղարկեք, թող գա, կամ էլ մենք այստեղ նամազ անենք, թաղենք: Ասացի` լավ, հոպա'ր, կզանգեմ: Հանգուցյալի տվյալները տվեց` անունը, ազգանունը, հասցեն, 70 տարեկան, Ֆրանսիայից այնտեղ շրջագայության գնացած մեկը:

 

Փնտրեցի: Ընդամենը 10 րոպեում գտա նրա հարազատներից մեկին: Մենք իրար գիտենք, որովհետև քիչ ենք: Գնացի հարազատի խանութը ու, մահացածի անունը տալով, հարցրեցի`այսպիսի մեկին ճանաչո՞ւմ եք: Մի կին շրջվեց ու ասաց. «Մայրս է»: Ասացի` քո մայրը Ֆրանսիայում չէ՞: Պատմեց, որ մայրը տարին մի քանի ամիս գալիս է Թուրքիա, բայց Կ.Պոլիս կա'մ այցելում է, կա'մ` չէ, գնում է գյուղ` մեր լքած գյուղը:

 

Ինչևէ: Գնաց: Հաջորդ օրը ինձ զանգահարեց` գտել է, մահացածը մայրն է: Հանկարծակի սկսեց լաց լինել: Դեռ հարցս չտված, թե` բերո՞ւմ եք դին, այստե՞ղ եք թաղելու, սկսեց հեկեկալ ու հեռախոսը փոխանցեց մի ծերունու:

 

Ծերունին ասաց. «Տղա'ս, ես բան չասացի, ասացի` աղջի'կս, մայրդ է, քոնն է, բայց, իմ կարծիքով, թող այստեղ թաղվի: Ջուրն իր հունը գտավ»:

 

Այնտեղ ես հուզվեցի: Անատոլիայի մարդու փոփոխությունից հուզվեցի: Այս բացահայտումից հուզվեցի: Այո, ջուրն իր հունը գտել էր:

 

Ճիշտ է: Հայերի աչքն այս երկրի, այս հողերի վրա է: Այն ժամանակ սիրելի նախագահ Սուլեյման Դեմիրելը ասել էր. «Հայերին 3 քարի կտոր անգամ չենք տա»: Ես էլ այս կնոջ պատմությունն էի գրի առել` ասելով. «Այո, մեր` հայերիս, աչքը այս հողերի վրա է: Հողերի վրա է, որովհետև մեր արմատներն են այստեղ: Բայց մի' մտահոգվեք, այս հողերը առնելով` գնալու համար չէ, այլ գալով` արմատավորվելու: Գալով` այս հողերի արմատների մեջ մխռճվելու համար: Շնորհակալ եմ…»: