կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 18:04
Քաղաքական

Իմ սիրելի Հրանտ Դինքը երջանիկ կլիներ, եթե այստեղ լիներ. թուրք լրագրող

Իմ սիրելի Հրանտ Դինքը երջանիկ կլիներ, եթե այստեղ լիներ. թուրք լրագրող

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ թուրք լրագրող Ջենգիզ Աքթարը: Նա ներկայացրեց Թուրքիայում տեղ ունեցող այն դրական տեղաշարժը, որ կա` Ցեղասպանության մասին խոսելու և ընդունելու հետ կապված:

 

Աքթարի խոսքով՝ թուրքական հասարակությունում շատ են մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ: Նա նշեց, որ շուտով Ստամբուլում լինելու է համաժողով` Ցեղասպանության թեմայով, և դա արտառոց երևույթ է, որովհետև մինչև վերջերս արգելված էր այդ թեմայով անգամ խոսելը:

 

«Նախկինում քողարկված ճշմարտություն էր, իսկ հիմա գրքեր են հրատարակում, ֆիլմեր են նկարահանում Թուրքիայում, կան իսլամացված հայեր, ովքեր բացահայտ հայտարարում են, որ հայ են, որ ցանկանում են մնալ մահմեդական կամ հավատափոխ լինել: Ապրիլի 24-ին Թուրքիայի 28 քաղաքներում կլինեն հիշատակի միջոցառումներ, որտեղ բացեիբաց կխոսեն Ցեղասպանության մասին: Ց-ով այդ բառը հիմա թուրքերի շուրթերից հնչում է, անգամ «այսպես կոչված` ցեղասպանություն» արտահայտությունն է դուրս եկել գործածությունից: Ջինը շշից արդեն դուրս է եկել, և նրան այլևս շշի մեջ մտցնել չի լինի»,- ասաց Աքթարը:

 

Նա նշեց, որ Թուրքիայի հասարակության 9 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Թվում է, թե դա ի՞նչ թիվ է որ, բայց դա 7 միլիոն մարդ է»,- ասաց թուրք լրագրողը և հավելեց. «Ուզում եմ իմ սիրելի Հրանտ Դինքի հիշատակին տուրք մատուցել, ով սպանվեց: Նա երջանիկ կլիներ լինել այստեղ: Ցեղասպանության ճանաչման համար նրա պայքարը ապարդյուն չէր, և պետք է շարունակել նրա պայքարը»: